Պատերազմից հետո, երբ Հայաստանում խորացավ քաղաքական ճգնաժամը, մեր ուժը հայտարարեց, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն և ՀՀ քաղաքացիները որոշեն, թե ով պետք է ստանձնի իշխանությունը և հենց ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք այս իշխանությունները պետք է շարունակեն ղեկավարել երկիրը: Այս մասին Արտաշատում, մարզային հերթական այցելության շրջանակում կուսակցության ակտիվի հետ հանդիպմանը հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
«Հայաստանի ճակատագիրը պետք է որոշի յուրաքանչյուր քաղաքացի և ոչ թե էլիտար նեղ ինչ-որ խմբեր փակ դռների ետևում: Բայց իրավիճակը ՀՀ սահմաններին, տարածաշրջանում, առհասարակ Հայաստանի շուրջ բերեց մի իրավիճակի, երբ քաղաքական ուժերը մտան միմյանց դեմ պայքարի մեջ, քանի որ ընտրությունները դա պայքար են, մինչդեռ այս օրհասական պահին օրակարգային է կոնսոլիդացումն ու միասնականությունը: Իսկ ընտրապայքարը չի կարող ապահովել միասնականություն՝ տեսանելի է լինելու պառակտումը, որը գնալով խորանալու է, ինչից էլ օգտվելու է թշնամին»,- ասաց նա:
Հետևապես, նշեց նա, նախ պետք է լուծվեին այն խնդիրները, որոնք ծառացած են ՀՀ առջև, որից հետո միայն երկիրը գնար ընտրությունների:
«Մեր քաղաքական ուժը որոշում է կայացրել չմասնակցել արտահերթ ընտրություններին, բայց դա չի նշանակում, որ մենք դուրս ենք մնում քաղաքական գործընթացներից: Հակառակը՝ ՀԱՍԱԿ-ը տեսնում է իր դերը նրանում, որ մենք կարողանանք ապահովել անհրաժեշտ կոնսոլիդացումը և, ըստ այդմ, պատրաստվենք հետագա գործընթացներին»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը Ղուկասյանը նշեց, որ այսօր շատ կարևոր ժամանակահատված է մեր երկրի համար, քանի որ կա՛մ ճգնաժամը խորանալու է և մենք հայտնվելու ենք էլ ավելի անկանխատեսելի հետևանքների առջև, կա՛մ պետք է միասնական լինենք և կատարենք ճիշտ ընտրություն: Իսկ նրանում, որ ժողովուրդը խոհեմ է , բանախոսը չի կասկածում:
Իր հերթին, կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն ասաց, որ մասնակցությունն ընտրություններին ինքնանպատակ չէ. քաղաքական ուժը պետք է ավելի հեռուն նայի ու պայքարի գաղափարների, այլ ոչ թե խորհրդարանում հայտնվելու համար: Մինչդեռ այսօր տեսնում ենք, որ հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 27 ուժերից շատերը ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեն ու նրանց միակ նպատակը մասնակցությունն է ընտրապայքարին:
«Քաղաքական ուժը, որն իսկապես ցանկանում է ինչ-որ բան փոխել երկրում և երկրի զարգացման մասնիկ դառնալ, պետք է մոռանա «ակտիվանալ ընտրությունից ընտրություն սկզբունքը» և կենտրոնացած լինի միայն Երևանում: Քանի՞սն է այդ ուժերից մայրաքաղաքից դուրս եկել, փորձել ծանոթանալ մարզային բնակիչների խնդիրներին ու լուծում պահանջող հրատապ հարցերին»,- ասաց նա:
Կոստանյանը նաև հիշեցրեց, որ կուսակցությունը, բացի սոցիալական արդարության կարևորումը, մշտապես բարձրաձայնում է ազգային արժեքների պահպանության հարցը, որն այսօր առավել քան արդիական է՝ հաշվի առնելով մեր վտանգներով լի տարածաշրջանում վերջին զարգացումները.
«Որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր պետությունն ու անկախությունը, առաջին հերթին մենք ինքներս պետք է պահպանենք մեր դիմագիծն ու ազգային արժեքները: Այսօր հատկապես կարևոր է հասկանալ, որ դրսից միլիոնավոր դոլարներ են ուղղվում մեր արժեքների ոչնչացմանը և պայքարենք այդ երևույթի դեմ: Պայքարը ոչ միայն մեր սահմաններին է, այլև մեր պետության ներսում»,- հավելեց նա:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հավաստիացրեց, որ շարունակելու է մարզային այցելությունները: