2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական և հետազոտական ծավալուն աշխատանքներ, որոնք վերաբերում են երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր և արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաև անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման և իրականացման հնարավորությունները: Tert.am-ի հարցմանը, թե ինչ է նկատի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ասելով, որ հայկական կողմն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը», այսպես է արձագանքել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում ներկա պահին շարունակվում են ուսումնասիրվել միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը։ Նույն համատեքստում գնահատվում են նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը և տնտեսական էֆեկտները: Այս պահի դրությամբ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանցով հավասար իրավունքներով և պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Կարծում եմ, առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում, դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ:
Տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում, կրկին ընդգծում ենք, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու»,- ասել է նա պատասխանում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում