Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գործադիրի այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կառավարություն 2013 թ. օգոստոսի 29-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշմամբ հաստատված ցանկից հանել՝ «Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք.» հասցեները։ Ինչպես նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, վերոնշյալ որոշման հավելվածում նշված մի շարք տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակա է ճանաչվել օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից պետք է վերանային առկա խառը, անկանոն կառուցապատումը' տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, և որի փոխարեն նախատեսվում էր բազմաֆունկցիոնալ կառուցապատում: Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրերի շրջանակներում, նախատեսվում էր ստեղծել ստորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ինչպես նաև հիմնովին նորացնել ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները: «Նշված նպատակների իրագործման համար ձեռքբերողը «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետք է սկսեր սեփականության օտարման գործընթացը, որը, ըստ նշված որոշման, չէր կարող ավելի ուշ լինել քան 2015թ. հունվարի 1-ը, իրականացներ ձեռք բերվող սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցում, ինչպես նաև ձեռնարկեր համապատասխան քայլեր ուղղված օտարման նպատակի իրագործմանը, այն է՝ քաղաքաշինական համապատասխան գործընթացների մեկնարկելուն: «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում»,-ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ 2013թ-ից առ այսօր քաղաքաշինական միասնական կառուցապատումը, ըստ էության, տեղի չի ունեցել և գերակա շահ ճանաչելու որոշման հիմքում ընկած նպատակի իրագործում փաստացի տեղի չի ունեցել