ԲՀԿ-ն 15 տարվա մեջ 5-րդ անգամ գալիս է խորհրդարան, ոչ մի այլ քաղաքական ուժ չի կարողացել այդ ռեկորդը սահմանել, իսկ հիմա ժամանակն է, որ ԲՀԿ-ն գա խորհրդարան որպես հաղթող քաղաքական ուժ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Ազատության հրապարակում ԲՀԿ հանրահավաքի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Միքայել Մելքումյանը:
«Ես ուղիղ երկու ամիս առաջ ասեցի, որ մենք գնում ենք հաղթելու, Ծառուկյանը դառնում է պետության ղեկավար, որովհետեւ նա ոչ մի անգամ չի ունեցել իշխանություն, իսկ մյուսները եղել են եւ նորմալ չեն էլ աշխատել: Հիմա մեր հերթն է, հիմա Ծառուկյանի հերթն է: Ո՞վ է այն մարդը, որ կարող է տարեկան միլիարդավոր դոլարներ բերի մեր հայրենիք: Դա Գագիկ Ծառուկյանն է:
Որոշ նախանձ քաղաքական գործիչների հանգիստ չի տալիս Ծառուկյանի հեղինակությունը: Ծառուկյանը գալով իշխանության ուզում է տեր կանգնի մեր քաղաքացիներին, եւ մինչեւ 3 մլն դրամի վարկերը մենք պետք է զիջենք: մենք չենք թողնի, որ մարդիկ ընկնեն նոր վարկային ծուղակի մեջ»,-ասաց Մելքումյանը:
Նա հայտարարեց, որ Ծատռուկյանը վստահելի եւ հասկանալի գործընկեր է Ռուսաստանի համար: