Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով մի շարք պետծառայողներ պարգևատրվել են։ Դասային աստիճանների բարձրացումներ են ստացել գլխավոր դատախազի երեք տեղակալներ։ Արդադադառոթյան երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ են շնորհվել գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանին, Արմեն Աֆանդյանին և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանին։
Գևորգ Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազն էր, այս առումով թերևս ամեն ինչ հասկանալի է: Մամուլը գրել էր, որ գործը քննելու ընթացքում Գևորգ Բաղդասարյանին նկատել են Ծաղկաձորի ռեստորաններից մեկում, որտեղ նա բավականին երկար զրուցելիս է եղել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ, հետևաբար չէր կարող կաշկանդված չլինել իր գործունեության մեջ: Հիշեցնենք, որ Գևորգ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ էր։ Հայտնի սահմանադրական կարգի իբր տապալման գործը բացելու ժամանակ նա նշանակվեց մեղադրող դատախազ և ստացավ պաշտոնի բարձրացում՝ նշանակվեց Երևան քաղաքի դատախազ։ Իսկ 2020թ․օգոստոսի 24-ին նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ՝ հայտնի քրեական գործը պաշտպանելու արդյունքում։
ի դեպ, 33-ամյա Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը 2020թ․ մայիսի 11-ին ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր, համաձայն որի՝ ունի երկու բնակարան, մեկը՝ Ալավերդի քաղաքում, մյուսը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ 2019թ․ աշխատավարձ է ստացել 4 տեղից՝ Դատախազություն, Ֆրանսիական համալսարան, Արդարադատության ակադեմիա, ԵՊՀ, երկու տեղից էլ փոխառություն է ներկայացվում։Եվ ուրեմն, ստացվում է, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանը ունի երկու բնակարան, բայց կինը առաջնահերթ կարգով բնակարանի կարիք ունի։
Արմեն Աֆանդյանը մինչ տեղակալ նշանակվելը զբաղեցնում էր Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն պետի պաշտոնը։ Մամուլի տեղեկություններով՝ Աֆանդյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ ընկերն է։
Ինչ վերաբերվում է Սրբուհի Գալյանին, ապա վերջինս այսօր համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը, դրանով մեծ օգնություն ցուցաբերելով իշխանություններին:Իրավապահ համակարգում սակայն տարակուսած են, թե ինչպես կարող է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ նշանակված Սրբուհի Գալյանը զբաղվել նախկին պաշտոնյաների հարցերով: Մասնավորապես, Գալյանի ամուսինը եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, նախկին ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամներից մեկը, իսկ սկեսրայրը՝ Հովսեփյանի վարորդը: