Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նախորդ տարվա օգոստոս ամսին Արմեն Հակոբջանյանը նշանակվել էր Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ուշագրավ է, սակայն վերջինիս պաշտոնական կենսագրությունը բացակայում է ինչպես Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական էջում, այնպես էլ համացանցում ընդհանրապես, հետևաբար, կարող ենք ասել, որ հերթական անգամ գործ ունենք երկնքից ընկած պաշտոնյայի հետ, ով հասկանալի չէ, թե ինչ կապ է նախկինում ունեցել պետական կառավարման ոլորտի հետ:
Թե ինչով է զբաղված եղել համայքնապետը վեց ամիսների ընթացքում` պարզ է դառնում համայնքապետարանի պաշտոնական կայքէջից: Օրինակ՝ համայնքապետարանը հեղինակային ստեղծագործությունների մրցույթ է անցկացրել, «ՀայԳյուղՇինՆախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող «Սյունիք» ջրօգտագործման ընկերության սպասարկման տարածքում գտնվող ոռոգման ջրանցքների վերականգնման նախագծային աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ է կազմակերպել, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլն է անցկացվել, Հակոբջանյանն Ամանորի նախաշեմին այցելել էր «Սիսիանի թիվ 1 ՆՈՒՀ» ՀՈԱԿ, Սիսիանում անցկացվել է վոլեյբոլի հուշամրցաշար: Ինչպես հասկանում եք՝ առանցքային հարցերն այս ամիսների ընթացքում այդպես էլ լուծում չեն ստացել, իսկ մշակութային կյանքում բազմազանության պակաս չի զգացվել:
Նկատենք, որ Արմեն Հակոբջանյանը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդին է, իսկ Հակոբջանյանին, ով մահացել է, պատկանում էր Շաքիի փոքր ՀԷԿ-ը.
Շաքիի փոքր ՀԷԿ-ից սնվող Շաքիի ջրվեժի խնդրով տարիներ շարունակ բարձրաձայնումներ է արել «Civil Voice» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, որը ահազանգում էր, որ բնապահպանության նախարարության անգործության հետեւանքով ՀՀ օրենսդրության համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ջրվեժը չի պահպանվում: 2020 թվականին՝ հեղափոխությունից հետո խնդրին անդրադարձել էր նաև Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը:
ՀԺ-ն գրել էր, որ «Շաքի» փոքր ՀԷԿ-ը պատկանում է «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին: Համասեփականատերերն են Աղասի Գալստյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ով ինչպես նշեցինք՝ մահացել է: Սակայն, որևէ ինֆորմացիա չկա, որ ՀԷԿ-ը այլևս Հակոբջանյանների ընտանիքին չի պատկանում: Բնապահպանության նախարարությունից քաղաքացիներին խորհուրդ տվեցին դիմել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, քանի որ վերահսկող մարմինն իրենք են: Իսկ թե ինչ հայտնաբերեց այդ մարմինը և արդյոք ընդհանրապես ստուգումներ իրականացվեցին՝ հայտնի չէ: Համացանցում այդ մասին որևէ տեղեկություն գտնել չհաջողվեց:
Հակոբջանյանի եղբորորդին Փաշինյանի կողմից նշանակվել է համայնքապետ, իսկ Հակոբջանյանների ընտանիքին պատկանող փոքր ՀԷԿ-ում չեն շտապում ուսումնասիրություններ սկսել , չնայած ընդամենը մեկ տարի առաջ այստեղ առկա խնդիրների մասին գրում էր հենց վարչապետի ընտանիքին պատկանող կայքը: