2019 թ.-ին կառավարությունն ԱԺ-ի թույլտվությամբ որոշեց Սևանից 2019 թ.-ին ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել 170 մլն խ/մ-ով։ Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ ծավալն ամբողջությամբ չի օգտագործվել և ջրառը նախատեսվածից շուտ դադարեցվել է` անհրաժեշտության բացակայության հիմքով։ Վերջերս, սակայն, մամուլում ահազանգեր հայտնվեցին, որ Սևանից ջրառը շարունակվում է։ Պատկան կառույցներն այս տեղեկատվությունը չեն հերքել։ Այսօր էլ ԱԺ-ում ջրային կոմիտեի նախագահը տարօրինակ անվանեց այն երևույթները, որ կատարվում են Սևանի մակարդակի բարձրացման և իջեցման շուրջ: Մինչ այդ էլ ջրային կոմիտեն պնդում էր, որ սեպտեմբերի 24-ից մենք մի գրամ ջուր չենք հանել, բայց լիճը 3 սմ մակարդակով իջել է: Դա, սակայն, բացատրվում է քամիներով ու գոլորշացումով:
Այս ամռանը, Սևանի ջրի «կանաչմանը» զուգընթաց, հանրության շրջանում կրկին սկսվեցին լճի խնդիրների շուրջ քննարկումները, որոնց թվում էր նաև Արփա-Սևան թունելի և Եղեգիս գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի հարցը։ Տարիներ շարունակ բնապահպանների կողմից կասկածներ են հնչել, որ գետի վրա կառուցված ՀԷԿ-երը սնուցվում են Սևանա լճի համար նախատեսված ջրերով՝ շահույթներ ապահովելով դրանց սեփականատերերին։ Իսկ ովքե՞ր են սեփականատերերը: Թեկուզ ՀԷԿ-երը տարածքում հայտնի են որպես «Սաշիկի ՀԷԿ-եր», պաշտոնապես ընկերության բաժնեմասի 50 %-ը գրանցված է Նարեկ Սարգսյանի անվամբ։ Նա նախագահ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ նախկին դեսպան Լևոն Սարգսյանի որդին է: «Մինա-Մայա» ՍՊԸ-ն երկու ՀԷԿ է կառուցել Եղեգիսի վրա: Եղեգիսի վրա կառուցված առաջին ՀԷԿ-ը «Եղեգիս-1»-ն է: Տարածքում հայտնի է որպես ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ՀԷԿ: Այս ՀԷԿ-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Հակոբյան եղբայրներինն էր: ՀԷԿ-ի սեփականատեր են նաև նախկին պաշտոնյաներ Խաժակ և Սուրեն Կարայանները: Եղեգիս գետի վրա գործող հաջորդ ՀԷԿ-ը՝ «Գողթանիկը», շահագործում է «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետերն է Հայկ Հրանտի Սուվարյանը, որը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի աղջկա ամուսինն է։ Սուվարյանն ընկերությունը ստեղծել է 2011-ին, երբ Տիգրան Սարգսյանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։
Ի դեպ՝ ժամանակին անգամ կարծիք կար, թե առանց Սերժ Սարգսյանի համաձայնության որևէ մեկը չէր կարող ՀԷԿ կառուցել: Այն ամենավերևից հովանավորվող բիզնես էր: Այսօր այդ բիզնեսի վրա, կարծես թե, կրկին աչք է փակվում, համենայնդեպս, եթե արդեն ջրային կոմիտեի նախագահի մակարդակով են հնչում ակնարկ-մտահոգություններ, ուրեմն մի բան իսկապես այն չէ:
Արդյո՞ք նոր Հայաստանում հնարավոր է, որ ծաղկի Սերժ Սարգսյանի եղբոր կամ նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից որևէ մեկի բիզնեսը, մի պարագայում, երբ այդ պաշտոնյաներին նորերը մեղադրում են 30 տարի երկիրը թալանելու և ապօրինի հարստանալու մեջ: Իսկ գուցե ՀԷԿ-երի դեպքում էլ, ինչպես հանքերի դեպքում էր, առկա են որոշակի ստվերային համաձայնություններ և նրանք, ովքեր մուծվում են, կարող են այսօր էլ շարունակել հարստանալ՝ վտանգելով Սևանը…