Արդարադատության խորհուրդը դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում քննություններ էր անցկացնում քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացումների համապատասխան թեկնածուներ ընտրելու համար: Գրավոր և բանավոր քննությունից հետո Արդարադատության խորհուրդն ամփոփել է արդյունքները և ըստ այդմ՝ ընտրել համապատասխան մասնագիտացման բաժնի թափուր տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած հավակնորդներին:
Այդ հավակնորդներն, ըստ այդմ, կընդգրկվեն դատավորների թեկնածուների ցուցակում, ապա կգնան նորաբաց Արդարադատության ակադեմիա, 7 ամիս սովորելուց հետո 3 ամիս էլ փորձաշրջան անցնելուց հետո նախագահի հրամանագրով կնշանակվեն դատավոր:
Հավակնորդներից մեր ուշադրությունը գրավեց հատկապես Վարչական դատարանի միակ թափուր տեղի հավակնորդը՝ իր շատ երիտասարդ լինելու հանգամանքով: Գրիգոր Առաքելյանը ծնվել է 1989 թվականին, Իջևանում: Նա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանի որդին է, բացի դա, պարզվում է՝ նա վունդերկինդ է՝ հրաշամանուկ: Հակառակ դեպքում նույնիսկ գերբնական ջանքերի դեպքում հնարավոր չէ 25 տարեկանում դատավոր դառնալ:
Գրիգոր Առաքելյանի «հրաշամանուկ» լինելու փաստը ակնհայտ է դառնում նաև նրա կենսագրությունից: Նա 2005-2009թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (Իջևանի մասնաճյուղում), որից հետո 2009-2011թթ. սովորել ու ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2010-2013թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Մագիստրատուրայում սովորելուն զուգահեռ առ այսօր հանդիսանում է տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի հայցորդ: Իսկ որ ամենաուշագրավն է, նա Արդարադատության խորհրդի քննություններից առաջ, շատ արագ, այս տարվա նոյեմբեր ամսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
«Հրաշամանուկը», սակայն, միայն սովորելով չի սահմանափակվել, նա մի քանի տարբեր համալսարաններում և մասնագիտություններով ուսանելուն զուգահեռ՝ 2008-2009 թվականներին աշխատել է «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես իրավաբան, իսկ 2009-2011 թվականներին աշխատել է Վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական: Ապա դրանից հետո՝ 2011-2012 թվականներին, երբ սովորում էր տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետների մագիստրատուրաներում, աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար: 2012թ. նոյեմբերից մինչ օրս աշխատում է որպես Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավար: Տղան այս ընթացքում չի հասցրել միայն ամուսնանալ:
Եթե մեկը կարողանա ասել, թե ինչպես է հնարավոր միաժամանակ սովորել երկու տարբեր ֆակուլտետներում, ընդ որում՝ մեկ Երևանում, մեկ՝ Իջևանում, ապա նույն մասնագիտությունների մագիստրատուրայում և զուգահեռ աշխատել որպես իրավաբան և Տավուշի մարզի դատարանի աշխատակազմի ղեկավար, այդ ամենին զուգահեռ էլ պաշտպանել թեկնածուական, ապա իսկապես կարող ենք արձանագրել, որ գործ ունենք աննախադեպ մարդու հետ:
Ի դեպ, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ 24-ամյա Առաքելյանի ընտրության հարցն անգամ վեճ է առաջացրել Արդարադատության խորհրդում, և խորհրդի որոշ անդամներ ընդդիմացել են նրա ընտրությանը, քանի որ նրանից ավելի բարձր միավորներ հավաքած և տարիքով մի քանի տարի ավելի մեծ թեկնածուներ են եղել ցուցակում: Բայց 7 թեկնածուից ընտրվել է հենց ամենակրտսերը:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր արտահերթ զեկույցում անդրադարձ էր կատարել նաև Արդարադատության խորհրդի կիրառած երկակի ստանդարտներին և կոռուպցիոն երեույթներին: Կոռուպցիան, ինչպես հայտնի է, պարտադիր չէ, որ դրսևորվի փողային տեսքով: Ցանկացած տեսակի հովանավորչությունը ևս կոռուպցիա է, իսկ վերոնշյալ ընտրությունը՝ դրա վառ ապացույցը: Եվ եթե 8 կամ 10 ամիս անց Սերժ Սարգսյանը ստորագրի «հրաշամանուկին» դատավոր նշանակելու հրամանը, կնշանակի, որ ինքը վավերացնում և նպաստում է կոռուպցիայի այդ տեսակը և ոչ միայն: