Մամուլում վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ՀՖՖ-ում, մեղմ ասած, անառողջ մթնոլորտ է ձևավորվել: Վերջերս նկատվում է, որ ֆեդերացիայի ղեկավարությունն ավելի շատ զբաղված է միջոցառումներ կազմակերպելով, Ֆեդերացիայի կազմավորման 30-ամյակի առիթով շատ հյուրեր են կանչել, պարզ է նաև, որ հսկայական գումարներ են ծախսվել, որոնք անվերահսկելի են, բայցև չեն ծառայում ֆուտբոլի զարգացմանը: Հենց ՀՖՖ 30-ամյակի առթիվ ունեցած իր ելույթում էլ Նիկոլ Փաշինյանն անչափ զավեշտալի հայտարարություն է արել՝ Արմեն Մելիքբեկյանի երեք տարվա ղեկավարման ձեռքբերման մասով՝ նշելով ստադիոնների լուսավորության ցանցի թարմացումը և փոխարինումը: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչ տարբերություն՝ ինչպիսի լուսավորության ներքո պարտվել  ութ գնդակի տարբերությամբ, եթե որակապես որևէ փոփոխություն հայկական ֆուտբոլում չի արձանագրվել, իսկ արձանագրվելուց էլ՝ արձանագրվել է միայն դեպի վատը:

Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը ընդամենը 0:3 հաշվով պարտության համար հարձակվում էր այն ժամանակվա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վրա, հայտարարում, որ հայկական ֆուտբոլը իր «կարապի երգն է երգում», որ կոռուպցիան բույն է դրել ՀՖՖ-ում և դա է պատճառը, որ հավաքականը և ակումբները նման դժգույն խաղ են ցուցադրում:

 
 
 

 

Հեղափոխությունից հետո Փաշինյանը և ՀՖՖ նախագահը բավական հավակնոտ խոստումներ էին շռայլում` խոստանալով հասնել նրան, որ 2050 թվականին ֆուտբոլի մեր ընտրանին դառնա աշխարհի կամ եվրոպայի առաջնության մեդալակիր։ Այն, ինչ եղավ դրանից հետո, անչափ հուզիչ էր: Իսկ եղավ այն, որ ընտրանին տապալեց թե աշխարհի, թե եվրոպայի առաջնության ընտրական փուլերը` վերջին երեք խաղում պարտվելով 4:0, 6:0 և 9:0 հաշիվներով: Հայաստանի առաջնությունից անհասկանալի պատճառներով դուրս մնացին բազմաթիվ ակումբներ, իսկ թիմերի 70 տոկոսը շարունակում է կոմպլեկտավորվել արտասահմանցի խաղացողներով, որովհետև ոչինչ չի արվում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար: Մելիքբեկյանը հայտնվեց նաև կոռուպցիոն սկանդալի կիզակետում, երբ հենց Ռուբեն Հայրապետյանի կողմից մեղադրվեց ՀՖՖ ֆինանսական միջոցները յուրացնելու մեջ:

Ի՞նչ է ստացվում․ ստացվում են բացահայտ երկակի ստանդարտներ և գնահատականներ հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին՝ Ռուբեն Հայրապետյանի ղեկավարման տարիներին և այսօր, երբ կառույցը ղեկավարում է Փաշինյանի յուրային Արմեն Մելիքբեկյանը: Այն ժամանակ երեք գնդակի տարբերությամբ պարտվելը հայկական ֆուտբոլի կարապի երգ էր, իսկ այսօր Փաշինյանը աչք է փակում հավաքականի խայտառակ պարտությունների, ՀՖՖ շուրջ ծագող կոռուպցիոն սկանդալաների և ընդհանրապես կառույցում տիրող անառողջ մթնոլորտի վրա, կարևորը՝ ստադիոնների լուսավորությունը թարմացվել է...: