Դեկտեմբերի 6-ին Եվրոպական հանձնաժողովը թարմացրել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնց արգելված է աշխատել եվրոպական օդային տարածքում` անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: EaDaily-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է France-Presse (AFP) գործակալությունը:

Փոփոխությունների համաձայն՝ 97 ավիաօպերատորների արգելվում է թռչել Եվրոպայի երկնքով, ինչն ավելի քիչ է, քան նախկինում նշված 103-ը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մոլդովական մի քանի ավիափոխադրողներ դուրս են բերվել սև ցուցակից «երկրում թռիչքների անվտանգության բարելավումից հետո»։

Այդ ցանկում են Air Moldova-ն, HiSky-ն ու FlyOne-ը, որը ուղևորափոխադրումներ է կատարելու Ֆրանսիա: 15 երկրների ավիաընկերություններն այժմ կազմում են ԵՄ-ի սև ցուցակի մեծ մասը: Դրանք են՝ Աֆղանստանը, Անգոլան, Հայաստանը, Կոնգոն, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունը, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Ղրղզստանը, Լիբերիան, Լիբիան, Նեպալը, Սան-Տոմեն և Պրինսիպին, Սիերա Լեոնեն ու Սուդանը:

 
 

Բրյուսելից պարզաբանել են, որ Եվրամիության կողմից սահմանված արգելքները պայմանավորված են «այդ երկրների ավիացիոն իշխանությունների կողմից թռիչքների անվտանգության անբավարար վերահսկողությամբ:

2019 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել էր նաև վերը նշված, մեղմ ասած, խայտառակությունը: Տաթևիկ Ռևազյանն էլ հայտարարել էր, որ այդ սև ցուցակից դուրս գալու համար 2.5 տարի կպահանջվի, քանի որ լիքը բարեփոխումներ պետք է անեն: Այսինքն, ըստ Ռևազյանի, պետք է դեռ մեկ տարի էլ սպասենք, մինչ ինքը «լիքը օրենսդրական փոփոխություններ» կանի, որոնց մինչ օրս նույնիսկ ականատես էլ չենք եղել:

Ընդ որում, սկզբում հայկական ավիացիան սև ցուցակում չէր հայտնվել և Ռևազյանը այդ մասին ինքն էր հայտարարում: Ասել է թե՝ ժամանակ էին տվել բացերը շտկելու համար, ինչից հետո ամսիներ անց, տեսնելով պատկան մարմինների անգործությունը, ներառել էին սև ցուցակում:

Հասկանալի չէ, թե այս ողջ ընթացքում ինչով է զբաղված եղել Տաթևիկ Ռևազյանը, սակայն, ակնհայտ է, որ Փաշինյանի՝ խնդրին հնարավորինս արագ լուծում տալու կարգադրությանը նա ականջալուր չի եղել: Եվ այժմ հարց է առաջանում՝ կպատժի՞ վարչապետի քաղավիացիայի կոմիտեի նախագահին, թե՞ կշարունակի աչք փակել և համբերատար սպասել «լիքը օրենսդրական փոփոխություններին»...: