«Ես ինքս էլ եմ մամուլից տեղեկացել, որ Երվանդ Խունդկարյանն է ՍԴ դատավորի թեկնածուն: Գաղտնի քվեարկություն է, ես չեմ ցանկանա մինչ այդ իմ կարծիքն արտահայտել, դա նաև քարոզարշավ կնշանակի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:
«Թե՛ նախկին իշխանության, թե՛ ներկա իշխանության օրոք իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը:
«Իմ կարծիքով դատավորի նկատմամբ ճնշումները թե՛ իշխանության, թե՛ ոչ իշխանության կողմից պայմանավորված են հենց դատավորի վարքագծով: Այսինքն, եթե դատավորը իրեն դրսեւորում է այնպես, որ իրեն որևէ ճնշման չենթարկեն, որևէ մեկը չի ենթարկի»,- ասաց նա:
Մխիթար Պապոյանն էլ հայտարարեց, որ 2 տարում իր համար ոչինիչ չի փոխվել. «Ես ինչպես աշխատել եմ, նույն ձևով շարունակում եմ աշխատել: Եթե ինչ-որ բան կփոխվի, դա կլինի իմ վերջին աշխատանքային օրը»,- եզրափակեց Պապոյանը:
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը:
Ընդհանուր ժողովի օրակարգը բավականին հագեցած է. դատավորները պետք է կատարեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրություն։