Ուղիղ մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հարցազրույց տալով գերմանական Die Zeit պարբերականին, հայտարարել էր հետևյալը. «Ես ընտրողներին բացատրել եմ, որ մենք Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք: Դա շատերին զարմացնում է, քանի որ այդ մարդիկ դեռ տեղում են, և նրանք նույնպես չպետք է գնան: Բայց ի՞նչ է օլիգարխը: Օլիգարխն օգտվում է արտոնություններից: Նրա համար կան այլ օրենքներ, նա ազդեցություն ունի կառավարության վրա: Այսօր բոլորի համար պայմանները նույնն են»: Պնդումը, որ Հայաստանում չկան այլևս օլիգարխներ, այն էլ այնպիսի համատեքստում, ինչպիսին որ ներկայացնում է Փաշինյանը, չի կարելի ընդունել միանշանակ: Բանն այն է, որ կառավարության կողմից այս ամիսների ընթացքում միլիարդների արտոնություն է տրվել հենց այն գործարարներին, որոնց Փաշինյանը ժամանակին անվանել է օլիգարխ, նախորդ իշխանության ֆինանսական կտուր: Ավելին՝ ժամանակին ինքը` ընդդիմադիր Փաշինյանը, Սերժ Սարգսյանին մեղադրում էր մերձավորներին պետական արտոնություններ տրամադրելու մեջ` հայտարարելով, որ ՓՄՁ-ը և նոր բացված, սակայն թիկունք չունեցող բիզնեսները չեն արժանանում կառավարության ուշադրությանը: Այսօր մենք տեսնում ենք, որ արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը միլիոնների արտոնություն է շնորհում նույն օլիգարխներին, գործարարներին, կամ նախկին իշխանության հետ առնչություն ունեցող անձանց:
Դիցուք՝ կառավարությունը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 1 միլիարդ 177 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել։
ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի «Պարկ Գրուպ» ընկերությանը միանգամից երկու արտոնություն է տրվել։ Գործադիրի մի արտոնությամբ ընկերությունը Հայաստան կներմուծի ապրանքներ՝ ավելացված արժեքի հարկի գումարները երեք տարի անց վճարելով, իսկ մյուս արտոնությամբ՝ ներմուծվող ապրանքները կազատվեն ներմուծման մաքսատուրքից։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմելու է մոտ 375 միլիոն դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվել է 980 միլիոն դրամ։
Մայիսի 23-ի նիստում 27 միլիոն դրամի հարկային արտոնություն տրվեց նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը։ Գործադիրը բավարարեց ընկերության ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառեց համապատասխան արտոնությունը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ այս արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
28.5 մլն դրամի արտոնություն է տրվել «Գրին Ֆարմեր» ընկերությանը, որը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին:
20 միլիոն դրամի արտոնության է արժանացել նաև հենց նույն Փաշինյանի կողմից Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ կապվող «Սպայկա» ընկերությունը:
Նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությունը կառավարության կողմից 26 միլիոն դրամի արտոնություն է ստացել: «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությունը Իտալիայից Հայաստան կներմուծի սարքավորումներ՝ մաքսատուրքի վճարներից ազատվելով:
Մեկ այլ նիստի ժամանակ էլ ընդունվեց ներդրումային ծրագրի շրջանակներում «ՎԱԲԱ» ընկերությանը մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին նախագիծը: «ՎԱԲԱ»-ն պատկանում է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 16.4 միլիոն դրամի արտոնություն Է տրամադրել «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Նշենք, որ «Սիլ-մաազա» ընկերությունը «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»-ի ընկերությունների խմբի մաս է կազմում։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիրն է:
«ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին կառավարությունը նույնպես ազատել է մաքսատուրքից` տալով 14 միլիոն դրամի արտոնություն: Այն պատկանում է ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանին:
Փաստենք, որ Նոր Հայաստանում որևէ այլ՝ նոր բացված բիզնես չի արժանացել այս մակարդակի պետական աջակցության` ի դեմս միլիոնների հասնող արտոնությունների: Ստացվում է` Փաշինյանի կառավարությունը նույն ջանասիրությամբ, ինչ նախորդ իշխանությունները, լծված է գործարար օլիգարխների բիզնեսը ծաղկացնելու սուրբ գործին և, մոռանալով իր ընդդիմադիր ժամանակ արված հայտարարությունները, այսօր արդեն ինքն է լավ աչքով նայում մերժվածների բիզնեսներին…