Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» և հարակից օրենքների նախագծերի օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է նվազեցնել շրջանառության հարկը, ինչպես նաև հարկային արտոնություններ տրամադրել ընտանեկան բիզնեսին: Փաթեթին կողմ քվեարկեց 95, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 9 պատգամավոր:

 

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ընդգծելով, որ իրենք ևս նման նախագիծ ներկայացրել են, որը մերժվել է կառավարության կողմից, ուստի կողմ կքվեարկեն նախագծին:

 

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ իրենք մի քանի անգամ շրջանառության հարկի նվազեցման վերաբերյալ նախագծեր են ներկայացրել, որոնք նախորդ կառավարությունը մերժել է: «Հաշվի առնելով, որ մենք մի քանի անգամ նմանօրինակ նախագծեր ենք դրել շրջանառության մեջ՝ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի այս նախագծին: Սակայն պետք է ընդգծեմ, որ մեզ համար անընդունելի է ընտանեկան բիզնեսի համար սահմանված 12 միլիոն դրամ շեմը և ակնկալում ենք, որ այդ շեմը կբարձրացնենք հետագա քննարկումների ընթացքում»,- ասաց Զոհրաբյանը:

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախագիծն իր մեջ դրական տարրեր պարունակում է, սակայն, միևնույն ժամանակ, նաև ռիսկեր է պարունակում, որոնց չեզոքացումը պայմանավորված է կառավարության գործունեությունից: Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն ձեռնպահ կքվեարկի:

 

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս: Ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության համար նախագծով նաև կներդրվի հարկման արտոնյալ համակարգ: