Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը կողմ կլինի ընտանեկան բիզնեսին հարկային արտոնություններ տրամադրելու՝ կառավարության նախագծին: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մենք 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո հանդես եկանք օրենսդրական նախաձեռնությամբ, որով սահմանվում էր ընտանեկան բիզնես հասկացությունը և ամրագրվում, որ վարձու աշխատողներ չունեցող և բիզնես գործունեություն ծավալող ընտանիքները պետք է ժամանակավորապես ազատվեն հարկերից: Սակայն այն ժամանակ կառավարությունը մերժեց մեր նախագիծը, իսկ ներկայիս կառավարությունը նման նախագիծ է ներկայացրել, որին մենք, բնականաբար, կողմ կլինենք»,- ասաց նա' ընդգծելով, որ նախագիծը մանրամասն կքննարկեն որոշում կայացնելուց առաջ:

 

Անդրադառնալով շրջանառության հարկի նվազեցման մասին կառավարության նախաձեռնությանը՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն շրջանառության հարկի վերաբերյալ 3 օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել: «Մենք կողմ կլինենք նաև սրան: Չնայած մենք կողմ ենք, որպեսզի այդ շրջանառության հարկը ընդհանրապես վերացվի, որովհետև եթե, ընդհանրապես, պետական բյուջե շրջանառության հարկից մուտքերը կազմում են 14 միլիարդ դրամ, ապա միայն 9 միլիարդ դրամը բաժին է ընկնում առևտրի ոլորտին: Հիմա այս նոր օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է միայն առևտրի ոլորտին, սակայն այստեղ լուրջ խնդիրներ կան' կապված փաստաթղթավորման հետ, այսինքն՝ միաժամանակ կառավարությունը պահանջ է դնում, որ շրջանառության հարկով աշխատող փոքր ձեռնարկությունները պետք է անպայման փաստաթղթեր ունենան և ստուգման մեխանիզմ է իրեն վերապահում, որպեսզի մեկ օրվա ընթացքում դրանք ստուգի»,- նշեց պատգամավորը:

 

ԲՀԿ-ն դեմ է այն բանին, որ հարկային ծառայությունը կարող է օրը 10 անգամ մտնել որևէ փոքր կամ միջին սուբյեկտ և 3 ստուգումներ անցկացնի՝ անփաստաթուղթ ապրանքներ, ապօրինի աշխատողներ և ՀԴՄ-ների վերաբերյալ: Մելքումյանն ընդգծեց, որ սա հարկավոր է կարգավորել, քանի որ փոքր և միջին սուբյեկտը չի կարող անընդհատ ստուգումների մեջ լինել:

 

Կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ հարկման առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ՓՄՁ սուբյեկտների և ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար:

 

Առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս, ներդնել և 2-3 տարվա ընթացքում աստիճանաբար խստացնել գնումները փաստաթղթով հիմնավորելու պարտադիր պահանջը խախտելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները, ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության դեպքում ներդնել հարկման արտոնյալ համակարգ, մասնավորապես, այդ գործունեությունն ամբողջությամբ ազատել պետական հարկերից, սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել ընտանիքի անդամների կողմից իր ականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, որի իրացման հասույթը նախորդ կամ տվյալ տարվա ընթացքում չի գերազանցել 12 մլն դրամը: