Խորհրդարանը քննարկում է շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և հարակից օրենքների փաթեթը, որով առաջարկվում է առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս: Հիմնական զեկուցողը' ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով օրինագծի էությունը' նշեց, որ զուգահեռաբար կսահմանվի նաև կատարվող ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարտադիր պահանջ: «Փաթեթի ներկայացումը պայմանավորված է առեւտրական գործունեություն իրականացնող փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների եւ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար հարկման առավել բարենպաստ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ»,- ասաց Միրումյանը:

 

Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ պատասխանատվության միջոցները չեն կիրառվում, եթե տնտեսավարող սուբյեկտները հարկային մարմնին հայտնել են մատակարարների կողմից մատակարարված ապրանքների դիմաց հաշվարկային փաստաթղթեր չտրամադրելու փաստի մասին:

 

Միրումյանը նշեց, որ նախագծով նաև ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության համար կներդրվի հարկման արտոնյալ համակարգ: «Մասնավորապես, առաջարկվում է ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը ամբողջությամբ ազատել պետական հարկերից, բացառությամբ վարձու աշխատողների եկամտային հարկի, որը յուրաքանչյուր վարձու աշխատողի համար առաջարկվում է սահմանել ամսական 5 հազար դրամի չափով: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել ընտանիքի անդամների' ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, որի իրացումից հասույթը նախորդ տարվա կամ տվյալ տարվա ընթացքում չի գերազանցել 12 միլիոն դրամը»,- մանրամասնեց փոխնախարարը :

 

Ներկայացնելով առկա խնդիրները՝ Միրումյանը նշեց, որ 2013թ. հունվարի 1-ից ներդրվել է շրջանառության հարկի համակարգը, որի շրջանակում հարկային պարտավորությունները հաշվարկվում են իրացման շրջանառությունների հիման վրա' գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված դրույքաչափերով' առանց հաշվի առնելու ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծախսերը: Խնդիրը կայանում է նրանում, որ շրջանառության հարկ վճարողների կողմից կատարվող ձեռքբերումները չփաստաթղթավորելու մոտեցումը նկատելիորեն նպաստում է ստվերային շրջանառությունների ձե ւավորմանը եւ սահմանափակում է շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարող խոշոր տնտեսավարող սուբյեկտների լիարժեք հարկման հնարավորությունները:

 

Բացի այդ, գործող հարկային օրենսդրությամբ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար հարկման առաձնահատուկ մոտեցումներ նախատեսված չեն, ինչը չի սահմանափակում այս խմբի տնտեսավարող սուբյեկտների ձեւավորման ու զարգացման գործընթացին:

 

Նախատեսվում է նաև առավել պարզեցնել շրջանառության հարկ եւ ԱԱՀ վճարող համարվելու ընթացակարգերը: