Ազգային ժողովն սկսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ներկայացնելով հայտարարության նախագիծը, ընդգծեց, որ հայտարարության նախագծով ՀՀ ԱԺ-ն կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին և միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

 

Ներկայացնում ենք հայտարարության նախագծի տեքստն ամբողջությամբ.

 

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը

 

- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ.-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1988թ.-ի նոյեմբերի 22-ին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,

 

- արժևորելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում» ամրագրված դրույթները,

 

- կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովուրդի ունեցած ներդրումը,

 

- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին և պետական կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ.

 

Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին և միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը' որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»: