Քիչ առաջ, ԱԺ-ն դեմ 6, կողմ 92, ձեռնպահ 13 ձայնով վավերացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին նախագիծը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն ներկայացրել է երեք առաջարկ, որոնցից «2.5-ն ընդունվել է»:

 

«ԲՀԿ-ն սկզբունքորեն համարում է, որ մեր առաջարկներն ընդունվել են: Կա կոնսենսունս այս հարցում, բայց, ընդհանուր առմամբ, սկզբունքորեն մենք կողմ ենք, «Բարգավաճ Հայաստանը» կողմ է քվեարկելու այս փոփոխություններին»,- ասաց Մելքումյանը:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ն արձանագրում է, որ կառավարության կողմից բերվել է ճկուն մի տարբերակ, որը մեծամասնության կողմից ընդունվել է, բայց չփաստաթղթավորված հատվածի համար սպասվում է հարկի բարձրացում 5 տոկոս՝ 3.5-ի փոխարեն:

 

«ՀԱԿ-ը չի կարող կողմ քվեարկել մի նախագծի համար, որը նախատեսում է հարկային շեմի բարձրացում»,- ասաց Զուրաբյանը:

 

Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով խոսք խնդրեց և, լրացնելով Միքայել Մելքումյանին, նշեց, որ ԲՀԿ ներկայացուցիչները երեկ հանդիպել են ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ և նրանք են հորդորել կողմ քվեարկել նախագծին:

 

Թևան Պողոսյանը և Ռուբեն Հակոբյանը նշեցին, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արձանագրեց, որ ՕԵԿ-ը ձեռնպահ կմնա:

 

Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ևս կողմ քվեարկեց: