Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 25 պատգամավոր:

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է, որ այս հարցերը կարգավորվում են բացառապես օրենքով, և նաև պարգևատրման համար նախատեսվում է շքանշանների և մեդալների տրամադրում, այսինքն` հատուկ կոչումները, որ կային գործող օրենքում, այլևս Սահմանադրության տրամաբանության մեջ չեն տեղավորվում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությունն այլևս հատուկ կոչումով պարգևատրում չի նախատեսում՝  նախագծով նախատեսվել են փոփոխություններ, որով Ազգային հերոսի կոչումը, որը գործող օրենքով համարվում է բարձրագույն կոչում, փոխարինվել է և նախատեսվել է  նոր շքանշան, որը կոչվում է Հայրենիքի շքանշան: Օրենքով հստակեցվում է, որ Հայրենիքի շքանշանով պարգևատրած անձը հանդիսանում է Հայաստանի ազգային հերոս: Այս կարգավորումն արվել է այն պատճառով, որ Սահմանադրությամբ հանրապետության նախագահը բարձրագույն կոչում շնորհելու լիազորություն չունի, այլ պարգևատրման համար նախատեսվում է շքանշանների և մեդալների տրամադրում և միայն պատվավոր կոչումների շնորհում:

Անցումային դրույթներում հստակեցվում է, որ մինչև օրենքի ընդունումը «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը պահպանում է իր ուժը, և այդ կոչմանն արժանացած անձինք և նրանց ընտանիքները ունենալու են նույն արտոնությունները, որոնք ունեին մինչև օրենքն ուժի մեջ մտնելը: