«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց 67 կողմ ձայնով' չգրանցելով դեմ կամ ձեռնպահ:

 

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը քվեարկությունից առաջ պատգամավորներին տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթում որոշակի խմբագրական փոփոխություններ են արվել' հաշվի առնելով առաջին ընթերցման ժամանակ պատգամավորների կողմից արված առաջարկությունները:

 

Օրենսդրական փաթեթը երկրորդ ու երրորդ ընթեցմամբ նախատեսվում է ընդունել այսօրվա արտահերթ նիստի ժամանակ:

 

Օրենսդիրը հունիսի 20-ին ավարտել է «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը: Արծվիկ Մինասյանը ՀՅԴ խմբակցության համար անընդունելի համարեց քննարկվող օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ չեն եղել հանրային քննարկումներ:

 

Մհեր Շահգելդյանի գնահատմամբ՝ ՕԵԿ խմբակցության համար անընդունելի է քննարկվող օրինագծերի փաթեթը, քանի որ չի հանվել պարտադիր կուտակային բաղադրիչը:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ պարտադիր կուտակային բաղադրիչը պարզապես դարձել է նպատակային սոցիալական վճար, ինչը, ըստ էության, ոչինչ չի փոխում:

 

ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ այս փաթեթի ընդունման համար պատեհ պահ չի ընտրված: «Հանդուրժողական մթնոլորտում պետք է մասնագիտական վերլուծությունը համադրել քաղաքական որոշումների հետ և գտնել արդյունավետ լուծում»,- նշեց Մելքումյանը: Նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն դեմ է այս տեսքով բարեփոխման իրականացմանը:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դեմ արտահայտվեց օրինագծերի փաթեթին և նշեց, որ հարցի վերաբերյալ հանրային միասնական քննարկում չի եղել:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիմնավորեց քննարկվող հարցի սահմանադրականությունը և ներկայացրեց պետական ու մասնավոր հատվածների աշխատողների նկատմամբ կիրառվող տարբեր մոտեցումների պատճառները: Նախատեսվում է, որ փաթեթը քվեարկության կդրվի այսօրվա նիստում:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով' մի շարք օրենքների նախագծեր հանվել են ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից: