Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերը հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ, որով կառաջարկեն փոփոխություններ մտցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում՝ ելնելով օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից: Այս մասին քառյակի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Նախաձեռնությամբ մենք վերջ կդնենք այն երկիմաստությանը, որն առաջացել է Սահմանադրական դատարանի որոշումից հետո»,- ասաց Ռուստամյանը:

 

Նա չբացառեց, որ առաջիկա լիագումար նիստի ընթացքում պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ իրենք արտահերթ նիստ հրավիրեն՝ նախաձեռնությունը ներկայացնելու համար: «Սա արդեն արտահերթ նիստ կլինի, այլ ոչ թե արտահերթ հարց կդիտվի, քանի որ սա ոչ թե որոշման նախագիծ է, այլ օրենսդրական նախաձեռնություն»,-ասաց նա: