Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններն արդեն քննարկման փուլում են: Օրենքը նախատեսվում է շրջանառության մեջ դնել մինչև 2020 թվականը, այսինքն մինչև աշնանային նստաշրջանի ավարտը: Օրենքում սպասվելիք առանցքային փոփոխությունների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ: Նրա պնդմամբ՝ նախագծի իրավական փաստաթուղթը պատրաստ լինելուն պես՝ այն կմտնի խորհրդարանի օրակարգ:
«Ինչպես հին օրենքը, այդպես էլ նորը, հիմնվելով սահմանադրության վրա, հստակ կսահմանի՝ որն է կուսակցությունը, ինչպես են կուսակցությունները կազմավորվում և քանի անդամից պիտի բաղկացած լինի: Լայն քննարկում է ծավալվել, որպեսզի նվազեցնեն այն հիմնադիր անդամների և կուսակցությունների անդամների թիվը, որոնց հիմքի վրա միայն կառույցը կարող է կուսակցություն համարվել»: Պատգամավորն ասում է, որ իրենց թիմն առաջարկում է հանել կուսակցության բաշխվածության սահմանափակումը, ըստ որի՝ կուսակցությունները պետք է պարտադիր ներկայացված լինեն Երևան քաղաքում և երեք մարզերում, կամ Հայաստանի չորս մարզերում: Այս հարցի շուրջ քննարկվող կողմերի միջև կա կոնսենսուս:
Այն հարցին, թե արդյո՞ք կան հարցեր, որոնց շուրջ ընդհանուր հայտարարի չեն գալիս կողմերը, պատգամավորը պատասխանեց. «Հաջորդ ամենակարևոր հարցը, որ պիտի քննարկենք, սեռերի բաշխվածության քվոտան է: Այ այս դրույթի նկատմամբ տարբեր մոտեցումներ կան: Անձամբ ես կողմնակից եմ, որ քվոտան բարձրացվի, որպեսզի Հայաստանի պարագայում կանայք ավելի մեծ շանսեր ունենան կուսակցական գործունեության մեջ ներգրավված լինելու, նաև քաղաքական գործունեությամբ զբաղվելու: Իմ դիրքորոշումն է նաև, որ կուսակցությունների ղեկավար կազմում ևս կանանց քվոտաներ լինեն: Ես չգիտեմ սրան ինչպես կարձագանքնեն խորհրդարանական ուժերն ու քննարկմանը ներգրավված մյուս կողմերը, բայց իմ կարծիքով կարելի է շեմը բարձրացնել մինչև 40 տոկոս, այսինքն 10-ից 4-ը լինեն կանայք: Այս դրույթը դեռևս քննարկման փուլում է»:
Հաջորդ կարևոր հարցը, որ քննարկվում է՝ կուսակցությունների ֆինանսավորումն է: Քննարկման արդյունքում պարզ կդառնա, թե ո՞ր կուսակցությունները պետությունից կստանան ֆինանսավորում, նրանք, որոնք անցել են խորհրդարան, թե՞ նաև այն կուսակցությունները, որոնք որոշակի հաջողություն են գրանցել, բայց չեն անցել խորհրդարան:
«Իմ դիրքորոշումն այն է, որ պետք է ֆինանսավորում տալ այն կուսակցություններին, որոնք մասնակցել են ընտրություններին և առնվազն որոշ տոկոսի ձայներ են հավաքել, սակայն չեն հասել խորհրդարան, որպեսզի նրանք հնարավորություն ունենան զարգանալ, պատրաստվել հաջորդ ընտրություններին, նաև քաղաքական գործունեություն ծավալել: Այս թեմայի շուրջ քննարկող կողմերի կարծիքները ևս տարբեր են»:
Խանդանյանն ասում է, որ այժմ քննարկում են անցողիկ շեմի «5 մինուս 2 տոկոս» տարբերակը: Այսինքն, եթե ընտրական օրենսգրքով խորհրդարան անցնելու շեմը մնա 5 տոկոս, ֆինանսավորում կստանան ձայների 3 տոկոս ստացած կուսակցությունները: Ֆինանսավորման չափերին անդրադառնալով՝ ասաց, որ դեռ հստակ չէ, թե ինչպես կլուծվի այդ խնդիրը, բայց մեծամասնության կարծիքով՝ գումարի չափը պիտի բարձրանա:
«Ֆինանսավորման չափը որոշված չէ, բայց բոլորը կողմ են, որ բարձրանա: Իհարկե՝ պիտի կառավարության հետ քննարկենք, թե ինչքանով է դա հնարավոր: Այնուամենայնիվ՝ ներկա ֆինանսավորմամբ կուսակցությունները նույնիսկ տարրական ծախսեր չեն կարողանում կատարել»: