ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի մեկնարկին՝ կուսակցությունների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով իր խոսքում հայտարարեց, որ քննարկումները ցույց տվեցին, որ ներկայացված նախագիծը, որի վերաբրյալ հնչեցին նաև մտահոգություններ, ներկայացվել է ճիշտ ժամանակին: Նա նաև համաձայնեց այն տեսակետի հետ, որ կուսակցությունների ֆինանսավորման ձևը փոխելու անհրաժեշտություն կա:

 

«Ես համաձայն եմ քաղաքական ուժերի հետ, որ հարկավոր է փոխել կուսակցությունների ֆինանսավորման եղանակը, որը կա գործող օրենքում և կա նաև քննարկվող օրենքի նախագծում: Այստեղ համահարթեցման սկզբունք է դրված, և շատ ճիշտ են ասում քաղաքական ուժերը, որ պետք է տարբերակում դրվի»,- հայտարարեց նա:

 

Նրա խոսքով՝ ֆինանսավորման տարբերակումը տարբեր երկրներում իրականում հավաքած քվեներն են և հենց դա է դրվում բարձր կամ ցածր ֆինանսավորման հիմքում: «Այս տեսանկյունից դուք շատ լավ առաջարկ եք ներկայացնում, բայց այդ ամենը չի կարող մեխանիկորեն լինել: Ես խնդրում եմ ինձ բանաձև ներկայացնել, թե ինչպես կարող ենք դա անել»,- նշեց Հովհաննիսյանը:

 

Կուսակցությունների մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, որին կողմ քվեարկեց 99, դեմ՝ 1 և ձեռնպահ՝ 3 պատգամավոր: