Կառավարությունը 335 մլն դրամ գումար է հատկացրել սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան 3200 երեխաների ամառային ճամբարային հանգստի կազմակերպման համար:

Հանգիստը նախատեսվում է կազմակերպել «Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Արագած ճամբար» ՍՊԸ, «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ, «ԼԱՎԱ աղբյուր» ՍՊԸ, «Լուսաբաց ճամբար» առողջարարական ՍՊԸ, «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ և «Գուգարք ճամբար» ՍՊԸ ճամբարներում' 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ, յուրաքանչյուր հերթափոխում 1600 երեխա։

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հարցը զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ամառային ճամբարը նախատեսված է զոհված, հաշմանդամ զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների երեխաների համար: Պատասխանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցին' նախարարի պաշտոնակատարը պարզաբանել է, որ ճամբարային ծրագրից օգտվելու ցանկություն ունեցող, ըստ սահմանված չափանիշների, շահառու ընտանիքները պետք է դիմեն համապատասխան մարզպետարաններ և Երևան քաղաքի վարչական շրջաններ, քանի որ երեխաների ցուցակները կազմում են տարածքային կառավարման մարմինները:

Հատկացված 335 մլն դրամից շուրջ 321,6 մլն դրամը կտրամադրվի կազմակերպություններին' երեխաների ամառային հանգստի կազմակերպման' սննդի, կեցության, մանկավարժական կազմի վարձատրության և այլնի համար, իսկ 13,4 մլն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար։

Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ ճամբարային ծրագիրն իրականացվել է 1994 թվականից սկսած: ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 712-Ա որոշմամբ՝ աշխատանքները կանոնակարգելու և կազմակերպելու նպատակով ստեղծվել է նաև միջգերատեսչական հանձնաժողով, և ծրագիրն իրականացվել է «Գնումների մասին» օրենքի համաձայն' մրցութային կարգով:

2020 թվականին 4800 շահառու երեխաների ամառային ճամբարի համար կազմակերպվել էր դրամաշնորհային մրցույթ, սակայն համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ծրագիրը չի իրականացվել: Պետական բյուջեով այդ նպատակին հատկացված գումարը վերաբաշխվել է և հատկացվել կապիտալ ծրագրերին։

Հաշվի առնելով, որ արդեն իսկ սկսվել է ամառային արձակուրդը, և համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ հանգստին հատկացված ժամանակահատվածն ավելի կարճ է, քան նախորդ տարիներին, ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ ճամբարային ծրագրի գումարները կուղղվեն վերը թվարկված 7 կազմակերպություններին՝ որպես դրամաշնորհ' առանց մրցույթի:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա կկնքվեն դրամաշնորհի տրամադրման պայմանագրեր' հիմք ընդունելով 2020 թվականին կազմակերպված դրամաշնորհային մրցույթի ընթացքում վերջիններիս կողմից ներկայացված գնային առաջարկներով երեխայի համար մեկ օրվա համար նախատեսված արժեքը: