«Հայաստան» համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին հանգանակած միլիոնների ճակատագիրը շարունակում է մշուշոտ մնալ: Հիմնադրամից հայտարարում են, որ գումարը փոխանցել են կառավարությանը, որն էլ պետք է այն նպատակային ծախսեր: Հիշեցնենք, որ հիմնադրամին գումարները հանգանակվել էին 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մարդիկ վաճառում էին իրենց վերջին ունեցվածքը և այն ուղղում հայոց բանակի կարիքների հոգալուն: Սակայն, ինչպես պարզվում է, կառավարությունը այլ շատ ավելի կարևոր և արդիական նպատակներ և խնդիրներ ուներ լուծելու:
Ինչպես հայտնի է՝ 85 մլրդ 858 մլն դրամ է ստացել կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Այս գումարից կառավարության տարբեր օղակներին արդեն հատկացվել է մոտ 70 մլրդ 81 մլն: 15 մլրդ 777 մլն մնացել է չծախսված: Անգամ վարչապետի աշխատակազմն է ձեռքը մտցրել այդ փողերի մեջ: Հիմնադրամի փոխանցումից 1 մլրդ 485 մլն դրամ վարչապետի աշխատակազմը ստացել է փոստային ծառայությունների արդիականացման համար:
«Այլ ծախսեր» հոդվածով 139 մլն եւ 2,4 մլրդ դրամ տրվել է արտաքին գործերի նախարարությանը՝ օտարերկրյա պետություններում եւ միջազգային կառույցներում դիվանագիտական ծառայություն իրականացնող մարմինների գործունեության համար: Ենթադրվում է, որ պատերազմի օրերին պետք է քարոզչություն իրականացրած լինեն՝ հօգուտ հայկական դիրքորոշման, կամ նման աշխատանք։ Առաջին չափաբաժինը տրվել է ռուսական ռուբլով, ինչը նշանակում է, որ Մոսկվա կատարված այցերը եւս ֆինանսավորվել են հիմնադրամի միջոցներից:
Գումարի մեծ մասը փոխանցվել է պաշտպանության նախարարությանը: Պաշտպանական գերատեսչությանը սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ռազմական կարիքների համար մի քանի անգամ հատկացումներ են արվել՝ ստացել է 17 մլրդ 403 մլն, 1 մլրդ 476 մլն, 5 մլրդ եւ 2,3 մլրդ դրամի չափով: Սակայն, ինչպես պարզվում է՝ ՊՆ-ն «Հայաստան» հիմնադրամից գումարներ է ստացել «նախարարության շենքային պայմանների բարելավման», շենքերի եւ շինությունների բարեկարգման համար:
966 մլն 125 հազար դրամ էլ տրվել է առողջապահության նախարարությանը՝ ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների համար: Հասկանալի է, որ այդ գումարի ծախսման ընթացքը վերահսկելը գործնականում անհնար է:
Ինչպես տեսնում ենք՝ կառավարությունը Հայաստանի և Սփյուռքի մեր հազարավոր քաղաքացիների կողմից մի կերպ հավաքված 150 միլիոն դոլարը որոշել է խիստ նպատակային ծախսել՝ արդիականացնելով շենքերը, շինությունները և փոստային կապը և ոչ մի կետ այն իրական և թիրախային խնդիրների լուծման մասին, որոնց համար էլ ի սկզբանե համայն հայությունը գումար էր հանգանակում: