Արամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ, երբ Կարենի մայրը գրեց իր որդու զոհվելու հանգամանքները, ողջ մարմնովս սարսուռ անցավ։ Այսօր Կարենի մասին նյութերին ծանոթացա։ Կարդացեք ու փորձեք չխելագարվել։
Միրզոյան Կարենը սյունեցի էր, Ագարակում էր ծնվել։ 2019-ին զորակոչվել էր բանակ, ծառայում էր Ստեփանակերտում։ Պատերազմի առաջին օրերից մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի, Քարինտակի մարտերին, իսկ վերջում տեղափոխվել է Շուշի։ Ու հենց Շուշիում է, որ սկսվել է սարսափելին։
Նոյեմբերի 7-ին, այդպես էլ չլքելով իրենց վստահված, բայց պատսպարվելու ոչ մի հնարավորություն չունեցող դիրքը, Կարենն ընկերների հետ հայտնվում է շրջափակման մեջ:
Նրա դասակի հրամանատաը թողնում փախնում է։
Խմբից միայն 2-ին է հաջողվում ողջ մնալ...
3 տեղից վիրավոր ու օգնության որևէ հույս չունեցող Կարենն ընկերոջ հետ ինքնասպան է լինում, որպեսզի գերի չընկնի...
Այսօր, պատերազմից 3 ամիս անց, տարբեր տրամաչափի պագոնավորներ, գերագույն գլխավոր անմեղսունակներ հոխորտում են, որ զորքը փախավ, չկռվեց, դրա համար պարտվեցինք։ Հոխորտացողների մեջ չի բացառվում, որ նաև Կարենի հրամանատարը լինի, որովհետև վերջինս մինչ օրս ազատության մեջ է։
Լավ լսեք, վախկոտ դավաճաններ՝ զորքը, զինվորը չի պարտվել։ Նրանք մինչև վերջ մնացել են իրեն վստահված դիրքում, ինքնասպան են եղել, բայց գերի չեն ընկել, որովհետև զգում էին, որ եթե իրենց նման կերպ անտերության եք մատնել, ուրեմն դժվար էլ կարողանաք գերությունից հետ բերել։ Ու փաստորեն տղերքը ճիշտ էին։
Կարենն ընդամենը 20 տարեկան էր»:
Գրառմանը կից հրապարակել է մի լուսանկար և գրել. «Կարենից մնացած հուշերը»: