«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար այժմ լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է արցախյան երկրորդ պատերազմում ծանր վիրավորված Միշա Ավետիսյանի հայրը՝ Մկրտիչ Մադաթյանը։

Միշա Ավետիսյանը 2020 թվականի աշնանը Ադրբեջանի ագրեսիայով հրահրված Արցախյան վերջին  պատերազմի մասնակիցներից մեկն է։ Նա ծանր վիրավորվել էր Ջրականում (Ջաբրաիլում)։ Նա հոկտեմբերի սկզբին ծանր վիրավորումներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր։ Երիտասարդը որոշակի դրական դինամիկայից հետո այժմ գտնվում է Վերականգնողական կենտրոնում։

«Հույս չկար, որ տղաս կապրի, բժիշկների պնդմամբ, եթե անգամ ապրեր, ապա զրկված էր լինելու խոսելու և շարժվելու ունակությունից... ես չէի դադարում աղոթել և այսօր՝ չնայած բժիշկների պնդմանը, տղաս սկսել է խոսել։ Պատկերացրեք, Միշան հրաշքով անգամ շարժվում է, ուտում: Նա շարժում է միայն աջ թևն ու աջ ոտքը, ուղեղը աշխատում է 50 տոկոսով՝ աջ կիսագնդի բացակայության պատճառով, նաև ունի պարկախոցեր»,- պատմում է հայրը։

Ի դեպ Միշայի հայրը նշում է, որ տղան գտնվում է ծանր հոգեբանական վիճակում:

Այն հարցին, թե արդյոք պետությունը ինչ-որ դրամական օգնություն ցուցաբերել է, նա պատասխանեց. «Օգնություն ստացել ենք, բայց ավելի լավ է, այդ ամենի փոխարեն թույլատրեն տղայիս Գերմանիայում բուժեն, 500 հազար դրամից ավելի ծախս եմ արել, որ տեղափոխեմ, սակայն չեն տրամադրում համապատասխան թույլտվություն»։