Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանային իրավիճակին։ Սանոսյանը նշեց, որ գիշերը և լուսադեմին տեղի է ունեցել փոխհրաձգություն Վերին Շորժայի ուղղությամբ՝ այն դիրքում, որտեղ հուլիսի 28-ի գիշերն ընթացել էին թեժ մարտեր։ «Մենք մեկ վիրավոր ունենք՝ ուսի շրջանում, վիրահատել են, ամեն ինչ նորմալ է»,- ասաց մարզպետը:

Նրա խոսքով՝ ռուս սահմանապահներ չեն տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որտեղ նախօրեին թեժ մարտեր էին ընթացել, և ինքը տեղյակ չէ այդ ուղղությամբ բանակցությունների մանրամասներից։

«Որոշակի պրոցես եղել է, ռուսները եղել են մեզ մոտ, որոշակի աշխատանք եղել է։ Թե հիմա բանակցություններն ինչ փուլում են, ինչ ընթացք է, չեմ կարող ասել»,- նշեց Գնել Սանոսյանը։

Մարզպետը նաև հավելեց, որ այսօր ստեղծված իրավիճակը նույնը չէ, ինչ մայիսին, երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք։ «Մայիս ամսին ադրբեջանական զորքերը քարտեզները ձեռքներին էին առաջ գալիս՝ իբր խաղաղ նպատակներով։ Հիմա ակնհայտ է՝ երբ նրանք մեր ուղղությամբ կրակում են, երբ մեր զինվորի թիկունքում մեր համայնքներում մեր բնակիչներն են, մեր բանակը չի կարող ուղղակի լռել։ Մեր բանակը շատ արժանի պատասխան է տալիս, երեկվա գործողությունները դրա մասին են խոսում, ինչի արդյունքում մենք ընդհանրապես բնագծի որևէ փոփոխություն չունեցանք»,- նշեց մարզպետը: