Աբուլ լեռան վրա օգոստոսի 9-ի երեկոյանկայծակը հարվածել է ոչխարի հոտին, ինչի հետևանքով 530 գլուխ ոչխար է անկել: Այս մասին հայտնում է Jnews.ge ն ու մանրամասնում, որ անկած անասունների մի մասը պատկանում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղից տեղացի ֆերմերին, մյուս մասը՝ Կախեթի ֆերմերներին:
Նինոծմինդայի շրջանի Տամբովկա գյուղից Նիկոլայ Լևանովն ունի 600 գլուխ ոչխար: Ոչխարներն արածեցնում են Աբուլ լեռան վրա, իրեն պատկանող տարածքում: Նիկոլայի անասունների հետ միասին այնտեղ արածում են նաև կախեթցի ֆերմերի 900 գլուխ ոչխար: 1500 գլխից բաղկացած ոչխարների հոտին արածեցնում է ոչ բնիկ հովիվը: Հովիվը երեկ՝ օգոստոսի 9-ին, ժամը 17:00-ի սահմաններում զանգահարել է Նիկոլային և ասել, որ կայծակը երկու անգամ հարվածել է, և ոչխարները սատկել են: Ընդհանուր առմամբ սատկել է 530 գլուխ անասուն, որից 160-ը պատկանում էր Նիկոլային:
Արոտավայրը գտնվում է Տամբովկա գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող լեռան վրա։