Կարծում ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2021-2023թթ․ Տրանսպորտային համակարգված քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզը ոլորտի զարգացման հավասարակշռված ծրագիր է: Փաստաթուղթը նախատեսում է եվրասիական տրանսպորտային միջանցքների համալիր զարգացում եւ հետեւողական աշխատանք այս ոլորտում մեր երկրների օրենսդրությունները ներդաշնակեցնելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ տարի մենք համոզվեցինք, որ ԵԱՏՄ ներսում տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության պահանջարկ կա: Համավարակի ընթացքում Միության շրջանակում ձեւավորվեցին «կանաչ միջանցքներ» առանցքային ապրանքների համար: Մեծամասամբ այս միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվեց կանխել Միության շուկայում պարենի դեֆիցիտի եւ փոխադարձ առեւտրում ընդհատումների առաջացումը:
Կցանկանայի նշել նաեւ «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձեւավորման ճանապարհային քարտեզի» իրականացման արդիականությունը: Ակնհայտ է, որ սույն փաստաթղթով նախատեսված միջոցառումները կնպաստեն Միության ագրոարդյունաբերական համալիրի եւ ագրարային շուկայի կայուն զարգացմանը:
Հաջորդ հարցը, որի վրա կցանկանայի կանգ առնել, ներքին եւ արտաքին շուկաներում ԵԱՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացումն է: Այս նպատակին հասնելու միջոցառումների համատեքստում ցանկանում եմ ընդգծել արտահանման համար համատեղ ապահովագրական աջակցության համակարգի ձեւավորման կարեւորությունը: Մենք աջակցում ենք Եվրասիական ընկերության ստեղծմանը, որը թույլ կտա, ապահովագրական լրացուցիչ կարողությունների ստեղծմամբ, ավելացնել ապահովագրական աջակցության ծավալները Միության ներսում առեւտրի եւ երրորդ երկրներ արտահանման համար»,– ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է նշել, որ իրենց հաջողվել է համաձայնեցնել նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգը՝ Միության բոլոր պետությունների կողմից հավանության արժանացած հինգ սկզբունքների հիման վրա։
«Որպես եզրափակում՝ կցանկանայի անդրադառնալ բնապահպանության եւ կլիմայի հարցերին: Սա այն ուղղությունն է, որը պահանջում է լրացուցիչ ջանքեր եւ բազմակողմանի համագործակցություն: Մենք կարծում ենք, որ մեր Միության շրջանակում անհրաժեշտ է լուրջ բազմաշերտ երկխոսություն, որը թույլ կտա կրճատել կլիմայի փոփոխության վրա ազդող բացասական գործոնները՝ միեւնույն ժամանակ ապահովելով տնտեսական աճի եւ զարգացման պայմաններ: Մենք աջակցում ենք ջերմոցային գազերի արտանետումների եւ բնապահպանական վճարների համակարգի կարգավորման մեխանիզմների ներդաշնակեցման ուղղությամբ բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծման գաղափարին՝ ԵԱՏՄ-ում բնապահպանական գործունեությունը խթանելու նպատակով»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության հաղորդմամբ, ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը նիստի ընթացքում անդրադարձել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի։
Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ ներքին շուկայում՝ 2021-2022թթ. վերացման ենթակա բացառությունների եւ սահմանափակումների ցանկը, ԵԱՏՄ անդամ երկրների՝ 2021-2023թթ․ տրանսպորտային համակարգված քաղաքականության ճանապարհային քարտեզի իրականացման հիմնական ուղղությունների եւ փուլերի միջոցառումների ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձեւավորման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության, ԵԱՏՄ անդամ երկրների եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։
Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջեւ 2020թ. ներմուծվող մաքսատուրքերի գումարների հաշվառման եւ բաշխման հարցին, ԵԱՏՄ երկաթուղային տրանսպորտի տարանցիկ ներուժի զարգացման ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության հնարավորություններին։ Որոշվել է ձեւավորել Միությունում թվային փոխակերպման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ։
Ներկայացվել են 2020թ. ԵԱՏՄ գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորման ընթացքի մասին զեկույցները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ Հանձնաժողովի 2020թ. որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ։
Փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի, ԵԱՏՄ եւ երրորդ երկրների, ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների միջեւ ստորագրվող միջազգային պայմանագրերի, ԵԱՏՄ մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման կարգում եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019թ. ապրիլի 30-ի որոշման մեջ։
Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա հոկտեմբերին, Երեւանում։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ եւ ընդլայնված կազմով հանդիպումների արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։