Այսօր արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անմահացած, ոստիկանության ծառայող Տիգրան Արթուրի Պետրոսյանի ծննդյան օրն է:
Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը և համակարգի մի խումբ ծառայողներ հարգանքի տուրք են մատուցել հերոսի շիրիմին:
Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 28-ին՝ Ստեփանակերտ քաղաքում:
 
2019 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը՝ իրավաբան մասնագիտությամբ:
2015 - 2017 թթ. ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում:
 
2020թ. օգոստոսի 8-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր:
 
Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի փրկության մարտերին:
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում:
 
ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով:
Հանգչում է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր պանթեոնում:
 
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, ոստիկանության նախկին ղեկավար՝ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը և համակարգի մի խումբ ծառայողներ, այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել ռազմագործողությունների ընթացքում անմահացած Տիգրան Պետրոսյանի շիրիմին և զորակցել Պետրոսյանների ընտանիքին ու հարազատներին: