ՀՀ ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերում առկա են եղել փաստական տվյալներ այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մի շարք կապալառու ընկերությունների միջև կնքված թիվ «ՎՁՄ ԲԸԱՀ-01/5» պետական գնման պայմանագրի հիման վրա 149.160.000 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում կատարել պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվով Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքները, իսկ պատվիրատուն՝ ի դեմս ՀՀ Վայոց ձորի մարզետարանի, պարտավորվել է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել դրա համար:
Պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպությունների ղեկավար անձինք, օգտվելով պայմանագրով ընձեռված հնարավորություններից, աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար աձանց օժանդակությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2015-2016 թվականներին Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում կատարել են պակաս ծավալով աշխատանքներ, ներկայացրել են, թե իբր ձեռք են բերել և ճեմուղում տեղադրել շուկայականից անհամեմատ բարձր գներով ապրանքներ, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց կապալառու ընկերություններին անհիմն փոխանցվել է առանաձնապես խոշոր չափերի 149.160.000 ՀՀ դրամ գումար, որից 16.96 մլն ՀՀ դրամն էլ խարդախությամբ հափշտակվել է:
Միևնույն ժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության իրավասու պաշտոնատար անձինք, պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, հանդիսանալով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձաժողովի նախագահ և հանձնաժողովի անդամ, շահադիտական կամ անձնական շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ չեն արձանագրել պակաս ծավալով կատարված աշխատանքների փաստը, այլ թույլ են տվել, որպեսզի կապալառու ընկերությունները 2015-2016 թվականներին Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման, բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության ղեկավար անձանց օժանդակությամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակեն, որպիսի հանգամանքը թաքցնելու նպատակով շինարարական օբյեկտի շահագործումն ընդունելու վերաբերյալ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում կազմել և օգտագործել են իրավունք վերապահող ակտ, որում այդ աշխատանքները ներկայացվել են որպես իրականացված, ինչն էլ հնարավորություն է տվել այդ աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրած ընկերության օժանդակությամբ կապալառու ընկերությունների ղեկավար անձանց խարդախության եղանակով հափշտակել 16.96 մլն ՀՀ դրամը, որն էլ պետության օրինական շահերի համար անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: