Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթանում է «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան: Ակցիայի մասնակից աշխատակիցները դժգոհում են, որ քաղաքապետարանը չի փոխանցել «Սանիթեքի»՝ պայմանագրով նախատեսված գումարները, ինչի արդյունքում ընկերությունը չի կարողացել վճարել իրենց՝ օգոստոս ամսվա աշխատավարձերը։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպած Երևանի քաղաքապետարանի «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի» տնօրեն Արմեն Գրիգորյանն առաջարկեց գալ իրենց մոտ աշխատանքի՝ նշելով, որ իրենց մոտ աշխատավարձը 290.000 դրամ է, իսկ չստացած աշխատավարձը՝ պահանջել «Սանիթեքից»։ Աշխատակիցներն էլ նշեցին, որ իրենք իրենց արդեն աշխատածի վարձն են պահանջում։
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Սանիթեքի» աշխատակիցներին հորդորեց իրենց աշխատավարձերի խնդիրը պարզել «Սանիթեքի» հետ՝ պնդելով, որ քաղաքապետարանը ընկերությանը փոխանցում է այն գումարները, որոնցից պետք է գոյանար աշխատավարձերը․ «Ձեր աշխատանքի դիմաց քաղաքապետարանը կոպեկ առ կոպեկ փոխանցել է։ Ամեն ամիս քաղաքապետարանը պետք է 400-420 մլն դրամ փոխանցի «Սանիթեքին», սակայն եթե ընկերությունն իրականացնում է իր աշխատանքի 60 %-ը, փոխանցվում է 60 %-ին համապատասխան գումարը»,– ասաց նա։
Ակցիա իրականացնող աշխատակիցներին մոտեցավ նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ նշելով, թե քաղաքապետարանը 5 միլիարդ 200 միլիոնից 250 միլիոնը չի տվել․ «Մի քանի օր առաջ «Սանիթեքն» ասում էր, որ դա մեր վառելիքի գումարն է, այսօր արդեն դարձավ աշխատավարձի գումարը»,- նշեց նա։