Հայաստանը, մեկ տարվա դադարից հետո, կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական՝ Jesc.tv կայքը, որտեղ հրապարակված են այս տարվա մասնակից երկրների անունները:

Ըստ կայքի՝ մրցույթին մանակցելու են 19 երկրների ներկայացուցիչներ: Բացի Հայաստանից՝ ցանկում ներառված են նաև Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան և Ուկրաինան:

Հայաստանի մասնակցության և ներկայացուցչի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դեռևս չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ 2020-ին «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել 13-ամյա Մալենան: Ավելի ուշ, սակայն, Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի մրցույթին: Որոշումը կայացվել էր՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները և կորոնավիրուսի համավարակը։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: