ԱԺ-ի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հիշեցնելով վերջինիս նկատմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը։
«Պարոն Մուկուչյան, ինձ մոտ դեժավյու է․ դուք 2012թ․ սկսած ձայնի նույն հանգստությամբ ու հանդարտությամբ ներկայացնում եք ձեր հաղորդումները և դեժավյու է մեկ տարբերությամբ, որ այստեղ չէ Նիկոլ Փաշինյանը, ով, անկախ ձեր ներկայացրած հաղորդման բովանդակությունից, ձեզ վստահաբար կմեղադրեր ընտրակեղծարարություն, նկարչություն անելու մեջ։ Դուք ձեր խոսքում երկու անգամ ընդգծեցիք, որ ձեր օրոք ըտրություններ չեն կեղծվել։ Ստացվում է՝ ձեզ զրպարտել է ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Խամոյանը։
Նա հարց ուղղեց՝ ստացվում է, որ որակական առումով այս և 2018 թվականների ընտրությունները շատ չե՞ն տարբերվել նախորդ ընտրություններից, ինչին պատասխան Մուկուչյանը նշեց․ «Իմ մոտեցմամբ մի ընտրությունը մյուսի հետ համեմատելն այնքան էլ ճիշտ չէ։ Յուրաքանչյուր ընտրություն ունի իր առանձնահատկությունները և հենց դրա մեջ պետք է տրվի նրա գնահատկանը։ Առանձնահատկություն ասելով նկատի ունեմ օրենսդրական կարգավորումներ, թեկնածուների թվակազմ, աշխատանքի ծավալներ և այլն։ Յուրաքանչյուր ընտրություն վերլուծելով հասկացել ենք, որ կարելի է անել նոր կազմակերպական աշխատանք և փորձ է կատարվել անել դա»,- նշեց Մուկուչյանը։