Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում սեպտեմբերի 18–ին անհետացած և մեկ օր անց ռուս սահմանապահների միջնորդությամբ վերադարձված Քասախ համայնքի երկու բնակիչների ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները դեռևս պարզ չեն։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ասաց՝ բնակիչներին չի հանդիպել, տեղյակ չէ, թե քննությունն ինչ արդյունք ունի․ «Ես այդ մարդկանց չեմ տեսել, չգիտեմ՝ ծառայողական քննությունն ինչ արդյունք ունի։ Ազգային անվտանգության ծառայությունը ավելի հստակ կարող է ասել»։
Անդրադառնալով կարծիքներին, թե Գորիս- Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան հատվածում մայրուղուց շեղվել հնարավոր չէր՝ մարզպետը նկատեց՝ բնակիչները, հավանաբար, շփոթվել են․ «Այդտեղ մի ճանապարհ կա՝ Լալազարի մոստով դեպի Կուբաթլու է գնում, իմ իմանալով այդ ճանապարհով են գնացել և հայտնվել թուրքերի մոտ, դրանք էլ վերցրել, տարել են։ Երեկ՝ ժամը 10-ին, հետ են բերել։ Չգիտեմ՝ շեղվե՞լ են, թե ինչ հանգամանքներում են գնացել այդ կողմ, բայց, երևի, ճանապարհը շփոթել են»,- ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիների վերաբերմունքի պատճառով Գորիս-Կապան երթևեկությունը զգալիորեն նվազել է․ «Իհարկե, Գորիս-Կապան գնալ-գալը նվազել է, բա փչացածները նման վերաբերմունք ենք ցույց տվել մեր երեխեքին, ո՞նց կարող է չնվազի։ Օրեր առաջ արցախցի ֆուտբոլիստ երեխաներին տեղափոխող ավտոբուսն էին կանգնեցրել, հիմա էլ՝ սա»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Գորիս-Կապան միջպետական մայրուղուն որպես այլընտրանք առաջարկվող Կապան- Տաթև ճանապարհին, ապա մարզպետը նշեց, որ այժմ ճանապարհն աշխատում է, սակայն վերանորոգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են․ «Մինչև տարվա վերջ շինարարակական աշխատանքները կվերջացնեն, բայց այս պահին ևս գործում է, ով ուզում է՝ այդտեղով է գնում»,- ընդգծեց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ տարածած հայտարարության համաձայն քասախցիները «շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում»։
Սոնա Հարությունյան