Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «իր երկիրը» պատրաստ է բանակցություններ սկսելու Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ՝ հորդորելով Երևանին ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև:
«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ հիմնված սահմանների սահմանազատման և սահմանագծման, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Նման համաձայնությունը կարող է փոխել մեր տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածաշրջանի: Այնուամենայնիվ, մենք դեռևս չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին», - ասել է Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:
Նրա խոսքով՝ տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը սպասարկող ոլորտներից մեկը: «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար»,֊ասել է Ալիևը: