ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամները այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են, որ պետությունը վճարի քաղաքացիների թեստավորման գումարը:
«Քանի որ ԱՆ նախարարի հետ հանդիպումը չի ստացվում, որոշեցինք Կառավարության նիստի օրը գալ այստեղ, որ հանդիպենք նրան: Մեր պահանջը այն է՝ քաղաքացիների թեստավորման գումարը փոխանցի պետությունը, և մենք ունենք դրա բոլոր հիմնավորումները: Բոլոր մասնագետները փաստում են, որ թեստավորման արժեքը իրականում տատանվում է 2000-ից 2500 դրամի սահմաններում: Այսինքն՝ մենք փաստ ունենք, որ 1.5 տարվա ընթացքում Կառավարությունը ինչ-ինչ կազմակերպությունների միջոցով 37 մլն դոլարից ավել գերշահույթ է ունեցել՝ թալանելով հասարակ քաղաքացիներին: Թող 1 կամ 2 ամիս պարգևավճար չստանան ու փոխհատուցեն քաղաքացիներին պատճառած վնասը»,- նշեց բողոքի ակցիա իրականոցնողը:
Վերջինս այն կարծիքին է, որ Կառավարությունը ամենևին էլ չի մտածում քաղաքացու առողջության մասին. «Ես ավելի քան վստահ եմ, որ Կառավարության նիստի մարդիկ, քաղաքացիների առողջության քողի տակ զբաղված են թալանելով և իրենց գրպանները լցնելով»,- ընդգծեց ցուցարարը: