2022-ի հունվարի 1-ից աշխատավարձերի վճարումները և մի շարք այլ գործողություններ իրականացվելու են անկանխիկ եղանակով։ Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով անկանխիկ դրամաշրջանառությունը խրախուսող օրենքի նախագիծը։
Մարտին Գալստյանը նշեց, որ օրենքի նախագծի հիմնական դրույթներն արդեն մեկ տարի է, ինչ քննարկում են կառավարության գործընկերների հետ, և այս հարցի վերաբերյալ կա կոնսեսուս։
«Անկանխիկ գործառնությունների ոլորտներն են սահմանվում, այսինքն ապրանքների օտարման, ապրանքների օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքները, փոխառությունները, աշխատավարձերը, պետական և տեղական ինքնակառավարման և այլ բյուջեներից կատարվող ցանկացած վճարներ, կրթաթոշակներ, բժշկական կազմակերպությունում կատարվող բոլոր տեսակի վճարները, կրթական հաստատություններում կատարվող բոլոր տեսակի վճարումները իրականացվելու են հիմնականում անկանխիկ ձևով»,-նշեց ԿԲ նախագահը։
2022-ի հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող ապրանքների օտարման գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Աշխատավարձերի վճարումը և մի շարք այլ գործողություններ իրականացվելու են անկանխիկ եղանակով։