Կարծում եմ՝ օրենսդրությունը թույլ է տալիս կարգապահական վարույթներ հարուցել, և մեր քաղաքական թիմի ջանքերով այդ օրենսդրությունը փոխվել է։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Նա նշեց, որ ՀՀ նախագահը չի ստորագրել այն և ուղարկել է Սահմանադրական դատարան։
«Մեր թիմն ամեն ինչ արել է, որ դատավորներն անհանգստություն չունենան, որ գործադիր իշխանությունը միջամտում է։ Սպասենք, տեսնենք՝ ինչ կորոշի ՍԴ-ն, և եթե որոշվի, որ պետք է հին ձևով աշխատել, այսինքն նախարարությունը պետք է այդ բողոքներն անի, ուրեմն դատավորների անհանգստությունն անհին է։ Ես իրենց երաշխավորում եմ, որ որևէ դեպքում բացի կոնկրետ օրենքի խախտումը, այլ հանգամանքներ չենք դիտարկում։ Դա անում են մասնագետները և օբյեկտիվ կերպով»,-ասաց նախարարը։
Դիտարկմանը, որ ինքն է հայտարարել, թե շատանալու են կարգապահական վարույթները, իսկ ԳՐԵԿՈ-ի զեկույցում նշվում է, որ նախարարի կողմից միջամտությունն այդ գործընթացին դատական անկախության հետ համատեղելի չէ, Կարեն Անդրեասյանը նշեց, որ դրա համար էլ իրենց քաղաքական թիմն ընդունել է օրենք, որն այժմ ՍԴ-ում է։
«Այն դատավորները, որոնք խախտումներ են անում, պետք է քաղաքացիները դիմեն նրանց մասին ԲԴԽ։ Ինչքան էլ հարգում ենք ԳՐԵԿՈ-ի ոչ պարտադիր խորհրդատվությունները, չենք կարող դաշտը թողնել անհետևողական, թողնենք, որ դատավորները կոպտորեն օրենք խախտեն»,-նշեց Կարեն Անդրեասյանը։