ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում անդրադառնալով հանցագործությունների թվին և կալանավայրերի ծանրաբեռնվածությանը, շեշտեց, որ քննիչների գործն այժմ կրկնակի ավելացել է՝ նախկին մի քանի գործերի փոխարեն քննում են 20-30 գործ միաժամանակ: Այնուհետև նշեց, որ ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկները ամենախոշոր բիզնեսն է: 

Փաշինյանի ելույթից քիչ անց ՀՀ դատախազությունը հայտարարությամբ հանդես եկավ, որում նշվում է, որ զգալիորեն նվազել են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը խափանման միջոցների փոփոխման և դրա արդյունավետության վերաբերյալ զրուցեց իրավաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, ո՞ր դեպքերում է ճիշտ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելն ու գրավի կամ ստորագրության դիմաց անձին բաց թողնելը:

-Կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն է, և այն պետք է կիրառվի բացառիկ դեպքերում: Մասնավորապես, երբ առկա է հիմնավոր կասկած, որ անձը կատարել է իրեն մեղսագրված արարքը, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը կարող է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել քննությունից և այլն: Մինչև նախորդ տարվա վերջ՝ այն գործերը, որոնք նախաքննական մարմինը դիմում էր կալանք կիրառելու համար բացարձակ մեծամասնության դեպքում (միջին, ծանր) մեխանիկորեն կալանավորումն էր կիրառվում որպես խափանման միջոց, որի հետևանքով նաև ծանրաբեռնվում էին կալանավայրերը: Շատ դեպքեր են լինում, երբ գործը քննվում է և անձը տարիներով մնում է կալանքի տակ, հետո արդարացվում է, կամ չի արդարացվում: Եթե փոխհատուցման արդյունքում անձի վատնած գումարները հնարավոր էր լինում ետ բերել, ապա չէր լինում փոխհատուցել անազատության մեջ եղած տարիները: Հիմա դատարաններն ավելի օբյեկտիվ են և կիրառում են անձին գրավով ազատ արձակելու քայլը:

 

-Վերջին շրջանում մի շարք մարդիկ բերման ենթարկվեցին, ինչպես նաև կալանավորվեցին, սակայն շատ չանցած՝ արդարացվեցին, նույնսիկ եղան դեպքեր, երբ հայտարարեցին որ շփոթմունք է տեղի ունեցել, իսկ անմեղության կանխավարկա՞ծն ուր մնաց: 

-Մեր իրավապահ մարմինները մարդկանց ցույց են տալիս հեռուստատեսությամբ, լուսանկարով, նշում, որ նա կատարել է այս հանցանքը, կամ մեղադրվում է ու, միևնույն ժամանակ, նշում են անմեղության կանխավարկածի մասին, սակայն այդ մարդը հասարակության մոտ մնում է որպես հանցանք կատարած անձ: Շատ են եղել դեպքեր, երբ, օրինակ, գնացել-զենքեր են փնտրել՝ հայտարարելով, որ դրանք կապ ունեն Մարտի մեկի հետ, հետո պարզվեց, որ ոչ մի կապ չկար: Լավ կլիներ՝ պարզեին, հետո հայտարարեին: 

-Իսկ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելը կնվազեցնի՞ դատական իշխանության ներսում կոռուպցիոն ռիսկերը:

-Կարծում եմ՝ ընտրել-չընտրելն այնքան էլ կապ չունի կուռոպցիայի նվազեցման հետ: Կարևորը դատավորների պատճառաբանված և հիմնավորված որոշումն է: Ճիշտ է, բազմաթիվ գործեր կան, որ մարդը կալանքի տակ է պահվում առանց որևէ հիմնավորման, սակայն դատական իշխանության ներսում կոռուպցիայի նվազեցմանը չի նպաստի: Հետո՝ պետությունը գումար է վճարում կալանավորների համար, որը հարկատուների գրպանից է գնում, իսկ շատ քիչ դեպքերում կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու դեպքում՝ այդ գումարները չեն ուղղվի կալանավորներին: Նաև, եթե անձը խախտում է գրավի կիրառման թուլատրելիության սահմանները և այդ գումարը մնում է պետությանը, արդեն ստացվում է այնպես, որ պետությունն իր վրա ծախսում է հենց իր վճարած գրավի գումարից: 

-Պարո՛ն Սիմոնյան, խափանման միջոց կալանք չընտրելը չի՞ նպաստի նաև կալանավայրերում կոռուպցիայի նվազեցմանը, քանի որ անընդհատ խոսվում է, որ կալանավորները պարտքերը փակելու համար մեծ ջանքեր են գործադրում:

-Միանշանակ, կարծում եմ, կազդի՝ ռիսկերը կնվազեցնի: Բնականաբար, եթե մարդը չհայտնվի կալանավայրում, չի լինի նաև «պերեդաչիի» խնդիր, քանի որ, ի վերջո, այդ «պերեդաչիից» միայն կալանավորը չի օգտվում, այլ տվյալ խցում գտնվող այլ կալանավորները ևս, այսինքն՝ սա ֆինանսական մեծ խնդիրներ է առաջացնում կալանավորների ընտանիքների համար: 

-Խափանման միջոց կալանք չընտրելը գործադիր իշխանության կողմից ճնշման միջոց չէ՞ դատական իշխանության վրա, քանի որ Փաշինյանն ակսօր կրկին հայտարարեց, որ հնարավորինս չպետք է կալանավորվեն մարդիկ:

-Ես չեմ գտնում, որ դա ճնշում է դատարանների վրա, այլ կարծում եմ, որ դատարաններին իրենք պետք է որոշ դեպքերում որոշեն անձին կալանավորե՞ն, թե՝ ոչ: Տեսականորեն, գործադիր իշխանությունը կարող է միջամտել դատական իշխանության գործերին. մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել դրան, սակայն օրենքի տեսանկյունից՝ ոչ մի իրավունք չունի իշխանությունը միջամտել դատական գործերին: 

 

Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի