ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը 2013-2019 թթ. օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով առերևույթ հափշտակել է 40.000.000 ՀՀ դրամ արժեքով 11 կիլոմետր երկարությամբ ցինկապատ խողովակաշարը և դրանք օտարել:

Այնուհետև, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, 2016-2021 թթ. ընթացքում, ավտոմեքենայի անսարք լինելու պայմաններում, վառելանյութ ձեռք բերելու համար, համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 4.500.000 ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակել:

Բացի դրանից՝ 2018 թ. ընթացքում, համայնքապետարանի համար նոր գույք գնելու պատրվակով, համայնքի բյուջեից դուրս է գրել 516.200 ՀՀ դրամ գումար և այն օգտագործել իր անձնական կարիքների համար:

Կատարվում է նախաքննություն: