Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Այստեղ ընտրապայքարն ընթանում է 3 ուժի միջև՝ «Առուշ Առուշանյան» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններ: 44-օրյա պատերազմից հետո Գորիսում կրքերն ավելի են թեժացել և այստեղ ֆավորիտ թեկնածուները ներկաների ու նախկինների ներկայացուցիչներն են։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցը, խոսելով քարոզարշավի մասին, ասաց․ «Ընթացքը գնահատում եմ բարձր և գերազանց։ Սյունեցիների վստահությունը իշխանությունների նկատմամբ բարձր է։ Պատերազմից հետո ժողովրդի վստահությունը բոլորի հանդեպ էր իջել, բայց աստիճանաբար վերականգնվում է, մանավանդ՝ իշխանությունների նկատմամբ, որովհետև իրենք են այսօր կանգնած մեր Սյունիքի, մեր սահմանների անվտանգության երաշխավորության հարցում»,- նշեց Աբունցը։
Քաղաքական ուժերի միջև ընտրապայքարը ՔՊ-ական թեկնածուն նորմալ է գնահատում և առանց խոչընդոտների՝ հույս հայտնելով, որ մինչև վերջ այդպես կընթանա։ Նա նորմալ է վերաբերվում այն հանգամանքին, որ Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը, գտնվելով անազատության մեջ, մասնակցում է համայնքապետի ընտրություններին․ «Առուշ Առուշանյանի հետ հարաբերությունները նորմալ են, մենք ոչ ոքի հետ թշնամի չենք, համերաշխ մթնոլորտում իրականացնում են մեր քարոզարշավը, թե Առուշ Առուշանյանի դաշինքի հետ, թե Կարեն Լազարյանի շտաբի հետ։ Յուրաքանչյուր ոք, կուսակցություն իր քարոզարշավն է անում»,- ասաց նա։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից աջակցություն ստանալուն՝ Աբունցը չժխտեց․ «Իհարկե, ես իշխանության թեկնածուն եմ, իշխանության աջակցությունն էլ եմ ես ստանալու, բայց ամենաշատ աջակցությունը ստանում եմ ժողովրդի կողմից»,- եզրափակեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն։
Նշենք, որ ՔՊ կուսակցությունը գլխավորող Վլադիմիր Աբունցը 46 տարեկան է։ Վերջինս Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել, սակայն այժմ չի աշխատում։
«Առուշ Առուշանյան» դաշինքը գլխավորում է 30-ամյա Առուշ Առուշանյանը, որը Գորիսի գործող քաղաքապետն է և ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր։ Հուլիսի 16-ից գտնվում է կալանքի տակ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նա ընտրություններին մասնակցում է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների կազմած դաշինքով։