Անկարայում հանդիպում է տեղի ունեցել «Թալիբանի» պատվիրակության հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են աֆղան փախստականների հայրենիք վերադառնալու հարցը:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքով՝ երկրում կան փախստականներ Աֆղանստանից, նրանցից շատերը կցանկանային վերադառնալ հայրենիք: «Թալիբանն ասաց, որ վերադառնալու դեպքում կօգնի նրանց: Մենք նաև քննարկեցինք, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել, որպեսզի Աֆղանստանից փախստականների նոր ալիքներ չլինեն», - ասել է նախարարը բանակցությունների ավարտին:
Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Աֆղանստանին: «Կարևոր է թույլ չտալ երկրի տնտեսության անկում: Հավասարապես կարևոր է պայքարել ահաբեկչության դեմ, ուժային ցանկացած վակուում անմիջապես կհանգեցնի ահաբեկչական հարձակումների աճի: Եվ մենք դա արդեն տեսել ենք», - ասել է Չավուշօղլուն: