Գրող, հրապարակախոս, պետական, ազգային, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի արդի մտքերը:
1․ Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք: Արիություն նաև քո՛ մեջ փնտրելու կրկնվող հույսերի կրկնվող կործանման պատճառը:
2․ Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին:
3․ Ես երբեք ռոմանտիկ չեմ եղել, եւ ինձ համար ռոմանտիզմն երբեք սիրո առարկա չի եղել: Ես կարող եմ համակերպվել ռոմանտիկի հետ միայն այն դեպքում, եթե նա այլ գերորակներ ունենա:
4․ Երբ ուրանում են գլխավորը, մանր բաները շատանում են:
5․ Մարկեսը ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։
6․ Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես եւ վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։
7․ Եթե ապրել լինում է գրեթե առանց փողի, ինչու՞ պիտի չապրվեր բոլորովին անփող:
8․ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ – չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկի:
9․ Քեզ մի քիչ էլ թաքուն պահի: Բարձր մնա, սիրտդ խալու պես ոտների տակ չփռես:
10․ Դադարը, ժամանակավոր, թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։
11․ Մի կյանքի ընթացքում մարդը հասցնո՞ւմ է փոխվել, թե՞ մակընթացությունն ու տեղատվությունն են ընկալվում որպես փոփոխություն։
12․ Եւ առհասարակ սերը անցողիկ է լինում: Իսկ միակողմանի սերը լինում է ողբերգական:
13․ Լավ մերկությունն էլ այն է, որ մերկանալու էլի տեղ ունի:
14․ Պետք է վայելել այն զգացողությունը, որ այսօր նույն սուրճից ես խմում, ինչ խմել ես տասնհինգ տարի առաջ։ Չի բացառվում, որ վաղուց արդեն դա նույն սուրճը չէ, հնարավոր է, որ համն է արդեն ուրիշ, բայց համի հիշողությունը ասում է՝ նույնն է։
15․ Ճիշտն ասած, մենք էլ ենք մեր հոգու խորքում մեծ Հայրենիք ուզում, ինչպես ամենայն կով, փորի թե մայրական բնազդով, ուզում է ավելի ընդարձակ մարգագետին։ Բայց ի տարբերություն մայրական֊անասնական բնազդով ընդարձակ մարգագետին տենչացող կովի, ի տարբերություն հյութալի առվույտներում անտերությունից ու անվերահսկելիությունից կերկոխով պայթած (դաս չհանդիսացած) կովի, մենք չենք ուզում ազգովի դառնալ այն թերմաշը, որը, հենց կողքից մեկը գոչում է՝ «հրե՛ս խիարը», աղը առած վազում է՝ վրան ցանելու։ Իհարկե, գոնե մեկ անգամ կծելու հույսով։ Բայց ինչո՞ւ սկսեցինք ու վերջացրինք կանաչ խիարի պատմությամբ։ Չէ՞ որ խոսքը Հայրենիքի մասին էր լինելու։
Հիշեցնենք, որ երեկ Վանո Սիրադեղյանի ընտանիքը' որդին' Խաչատուր Սիրադեղյանը և կինը' Ռուզան Տոնոյանը գուժել են գրողի մահվան մասին լուրը: