Նրանք մտադրված են 90 րոպե ջուր ծեծել, և փակ նիստն ավարտված համարել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ ուժային կառույցների ներկայացուցիչները նիստի ընթացքում որևէ հարցի չեն պատասխանել։
«Որևէ հարց իր պարզաբանումը չստացավ։ Մենք պատրաստ էինք լսել թեկուզ ամենադաժան ճշմարտությունը, բայց լսել որևէ բան։ Այս մարդիկ քաղաքացիների թիկունքում իրականացնում են գործարքներ, իրականացնում են պայմանավորվածություններ, որոնք չեն բխում ՀՀ պետական շահից»,-ասաց պատգամավորը։
Անդրադառնալով այն հարցին, որ այս օրերին Էրդողանը հերթական անգամ այցելում է Արցախի գրավյալ տարածքներ, Թագուհի Թովմասյանն ասաց, նրանք վայելում են իրենց հաղթանակի պտուղները, ինչին ի պատասխան պետք է տալ դիվանագիտական ապտակներ, որի հարցում հապաղում ենք. «Սա խնդիր է, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են մեր բառապաշարից դուրս մղել Արցախ, օկուպացված տարածքներ արտահայտությունները։ Ուզում են արգելել Արցախի մասին ընդհանրապես խոսել։ Կան պատգամավորներ, որոնք ասում են՝ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի, Արցախն անընդհատ մի բերեք, կապեք։ Այսինքն իշխանությունը հստակ գիծ է տանում՝ Արցախը մոռանալ ու շարունակել ապրել, բայց մենք այդ օրակարգով չենք շարժվելու»,-նշեց պատգամավորը։