Հայաստանի նկարիչների միությունում այսօր' նոյեմբերի 1-ին, բացվեց «Իրանը Հայ արվեստագետների աչքերով» մրցույթ-ցուցահանդեսը, որն իրականցվել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի, Իրանի նկարիչների եւ արվեստագետների միության հետ համատեղ ջանքերով:
Բացման պաշտոնական արարողությանը նախորդեց Հայաստանի եւ Իրանի նկարիչների միությունների միջեւ մշակութային հուշագրի ստորագրումը, որը միտված է երկու երկրների միջեւ մշակութային համագործակցությունների զարգացմանը: Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը եւ Իրանի Իսլամական հանրապետության նկարիչ արվեստագետների միության նախագահ Ամիր Ալիխանի Ռադը:
«Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները պատմական շատ հատուկ պայմաններում են այժմ գտնվում: Մեր երկու ժողովուրդների' դարերից եկող հարաբերությունները մեզ պարտավորեցնում են, որ մտածենք, թե այս պատմական ժամանակահատվածում ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկենք»,-նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
Նրա խոսքով' կարեւոր է ամրապնդել նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերությունները: «Մեր երկրների միջեւ 3000-ամյա պատմությունը մեզ պարտավորեցնում է երկուստեք հարաբերություններն ավելի զարգացնել: Պետք է ընդգծեմ, որ մեր տնտեսական հարաբերությունները ցանկալի մակարդակի չեն: Մենք հանգել ենք այն եզրակացությանը, որ պատճառն այն է, որ մենք լավագույնս չենք ճանաչում միմյանց եւ չգիտենք, թե ինչպիսի պոտենցիալ է առկա երկու երկրների միջեւ: Չնայած մենք հարեւան պետություններ ենք' կան հայեր եւ իրանցիներ, որոնք լավագույնս չեն ճանաչում միմյանց: Նմանատիպ արժեքավոր նախաձեռնությունները, հատկապես արվեստի ոլորտում, կնպաստեն այս երկուստեք ճանաչողությանը: Կարծում եմ' ժողովուդները պետք է թույլ չտան, որ պատմությունը գրքերի էջերի արանքում անհետանա, հատկապես, երբ մենք ականատես ենք լինում պատմության խեղաթյուրումներին»,-հավելեց նա:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով' վերջին շրջանում հայ-իրանական մշակութային հարաբերություններն ամրապնդվում են. «Սա շատ ինքնատիպ ցուցահանդես է, որովհետետեւ ըստ էության մեր նկարիչներն արտացոլել են այն Իրանը, որը ձեւավորվել է գրականության, երաժշտության եւ մշակույթի այլ ոլորտների ազդեցությամբ, եւ ես ենթադրում եմ, որ առաջիկայում հնարավորություն կլինի հենց Իրանում ճանաչել Իրանը եւ հասկանալ, թե ինչ փոխակերպումների են ենթարկվում մեր պատկերացումներն մշակութային հարուստ անցյալ եւ ներկա ունեցող այդ երկրի մասին:
Ես ուրախությամբ եմ ուզում նշել, որ վերջին շրջանում մեր մշակութային կապերն ամրանում են, եւ, իսկապես, շատ կարեւոր է, որ միջմշակութային կապերը զարգանում են ոչ միայն պետական բարձր մակարդակով, այլեւ նախաձեռնողականություն կա հասարակական հատվածի կողմից: Ես հույս ունեմ, որ այս հուշագրի ստորագրմամբ մեր ստեծագործողները այս համգործակցությունը կդնեն ինստիտուցիոնալ հիմքերի վրա»,-ընդգծեց նա' հավելելով, որ բազմաթիվ ծրագրեր ունեն, որոնք քայլ առ քայլ պետք է իրականացվեն: