Արցախի հարցում, բանակի հարցում, ներքին անվտանգության հետ կապված հարցերում ես և Նիկոլ Փաշինյանն ունեինք տարբեր ընկալումներ, Civilnet-ի հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա հայտնել է, որ երբ Արցախում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հնչեցրել է «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը, ինքը հայտնել է իր անհամաձայնությունը և նրան խնդրել է, որպեսզի զերծ մնա նման հայտարարություններից։
Արթուր Վանեցյանը պարզաբանել է նաև Արցախում իր կողմից հնչեցրած մի հայտարարությունը, ըստ որի Արցախի տարածքները ոչ միայն չեն հանձնվելու, այլև շենացվելու են, վերաբնակեցվելու։ Այդ հայտարարությունը տարբեր գնահատականների էր արժանացել ԱԱԾ նախկին տնօրենը ներկայացրել է, թե ինչ հանգամանքներում է ինքը հանդես եկել նման հայտարարությամբ և ինչպես է այդ հայտարարությունը հանրայնացվել։
«Ես իմ նշանակումից հետո բազմիցս այցելել եմ Արցախ, Արցախում լինում էի գրեթե ամեն ամիս, ամիսը մի քանի անգամ, շատ սերտ աշխատում էինք Արցախի իշխանությունների հետ և փորձում էինք այնպես անել, որպեսզի տարաձայնություններ չլինեն Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև։ Հերթական այցի ժամանակ նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ մենք այցելեցինք Արաքսավան համայնք, որտեղ եղավ հայտնի խորհրդակցությունը։ Եթե տեսենք այդ խորհրդակցության տեսանյութի որակը, կհասկանաք, որ դա պրոֆեսիոնալ նկարահանում չէ։ Հետագայում մենք իմացանք, որ դա նկարահանել է Բակո Սահակյանի անձնական օպերատորը՝ իր հեռախոսով։ Ես այդ հայտարարությունն արել եմ փակ ֆորմատում, արել եմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի անվտանգության մարմինների ղեկավարության միջավայրում։ Դա հանրայնացման ենթակա չէր, բայց այնպես էլ չէր, որ մենք այլ կերպ էինք մտածում»,- մանրամասնել է Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծել է, որ ինքը եղել և մնում է այն տեսակետին, որ Արցախում պետք է վստահ լինեն, որ Հայաստանն իրենց թիկունքին է։
«Այո, ես կարծում եմ, որ մեր հայրենիքի Արցախյան հատվածում բնակվող մեր հայրենակիցները պետք է վստահ լինեին, որ Հայաստանի Հանրապետությունում ունեն այդպիսի կարծիք։ Ունեն կարծիք, որ Արցախը մենք որևէ մեկին չենք հանձնելու, Արցախը շենացնելու ենք և անելու ենք ամեն ինչ, որ մարդիկ այդ տարածքներում բնակվեն։ Այդ հայտարարությունը ես արել եմ նման կերպ, նման ֆորմատում։ Բայց ես քաղաքական դեմք չէի, ես երկրի արտաքին քաղաքականությունը որոշողը չէի։ Ես սպա էի, գեներալ, ով, իհարկե, պետք է անի նման հայտարարություն։ Արտաքին քաղաքականությունը որոշում է ԱԳ նախարարությունը և վարչապետը։ Այ, նրանք իրենց հայտարարությունների մեջ պետք է լինեն շատ ուշադիր և հասկանան բոլոր հայտարարությունների հետևանքները»,- շեշտել է Արթուր Վանեցյանը։
Նա պատասխանել է նաև հարցին, թե իր այդ հայտարարությունը որոշակի ազդեցություն է ունեցել «բանակցային գործընթացի» վրա։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ ժամանակ բանակցային գործընթաց ընդհանրապես չկար։ Իշխանափոխությունից հետո ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները դեռևս չէին էլ հանդիպել»,- ասել է Արթուր Վանեցյանը։