ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսից հետո հասարակության մեջ տարածվեց կարծիք, որ դա ձեռնտու էր հենց երկրոդ նախագահին, որոշներն էլ կարծիք հայտնեցին, որ սա Քոչարյանի քաղաքական դաշտ՝ որպես ընդդիմադիր մուտքն էր։ Այս կարծիքների շուրջ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ։
Քաղաքագետի կարծիքով ասուլիսի տապալումը ցուցարարների կողմից զգացմունքային գործողություն էր, որը դրական հետևանքներ չունեցավ։
«Հաշվի առնելով երկրորդ նախագահի բացասական ընկալումը հասարակության մոտ, բնականաբար, կարող ենք հիմք ընդունել, որ երիտասարդ ցուցարները, որոնք ապրիլ-մայիսյան իշխանափոխության շարժման ակտիվիստներն էին, զգացմունքային դրդումներից ելնելով խանգարեցին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Զգացմունքային գործողություն, որը նրանց թվում էր թե դրական է, սակայն այդքան էլ դրական հետևանքներ չունեցավ։ Դա ոչ արդյունավետ էր, քանի որ նա կարող էր այլ վայրում, իր համար ցանկալի լրատվամիջոնցերին իր տեսակետն ասել, իսկ տարբերությունն այն կլիներ, որ լրագրողները կարող էին բազմաթիվ հարցեր տալ՝ ասելիքը բազմերանգ դարձնելով»,-ասաց Բադալյանը։
Անդրադառնալով ասուլիսի տապալման հետևանքներին և իշխանության արձագանքին, քաղաքագետը նշեց, որ իշխանության կողմից ճիշտ կլիներ դատապարտելը նման երևույթը՝ որպես խոսքի ազատության ոտնահարում։ Նա նկատեց, որ այդ գործողություններն օգտագործվեցին ի շահ Երկրորդ նախագահի։
«Իշխող ուժը հայտարարեց, որ դրա հետ կապ չունի, բայց, այնուամենայնիվ, չդատապարտեց, իսկ դա ցանկալի երևույթ չէ։ Եթե կառուցում ենք իրավական պետություն, այստեղ բոլորը խոսքի իրավունք ունեն։ Շատ օրինակներ են բերում, որ ազատ խոսք չի եղել երկրոդ նախագահի օրոք։ Այս դեպքում ո՞րն է նրանց միջև տարբերությունը։ Իշխանափոխությունը հենց դրա դեմ էր ուղղված։ Քոչարյանի կողմնակիցները փորձում են կշեռքի մի նժարին դնել 2-րդ նախագահին՝ որպես ընդդիմության ղեկավար։ Սա բավականի լավ օգտագործվեց նրա կողմից»,-ասաց քաղաքագետը։
Մեր հարցին՝ արդյոք սա Ռոբերտ Քոչարյանի կողմից կիրառվեց որպես PR քայլ, որով ազդարարվեց քաղաքական կյանք իր վերադարձը՝ քաղաքագետը նկատեց, որ Հայաստանում նոր իշխանության ձևավորման գործընթացի նշույլներ կան․
«Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունից չի հեռացել, որ մուտք գործի, նա ուղղակի պասիվ քաղաքական գործունեություն է իրականցրել։ Կվերադառնա՞ ակտիվ քաղաքական գործունեության, թե՝ ոչ կարող էինք իմանալ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ինչը տեղի չունեցավ։ Երկրորդ նախագահը գերազանց օգտվեց այդ իրավիճակից և դա պետք է նախապես հաշվի առնեին երիտասարդները։ Եթե այսպես շարունակվի, նա կարող է նմանատիպ առիթները օգատգործելով իր կշիռը բարձրացնել և գործող վարչապետի հետ հայտնվել կշեռքի տարբեր նժարներին»։
Քաղաքագետը նկատեց նաև, որ նոր իշխանություններին կողմնակից հանդիսացող երիատասարդներն անփորձ են և դժվար չէր երկրորդ նախագահի կողմից կանխագուշակել՝ ինչ կարող է տեղի ունենալ ասուլիսի ժամանակ։
«Դա ցույց է տալիս, որ երկրորդ նախագահը շատ ավելի փորձված է քաղաքականության մեջ, քան այս իշխանությունների երիտասարդ կողմնակցները, որոնք իրենց գործողություններով ինչ-որ արդյունքի չհասան։ Այդ գործողությունը օգտագործվեց մրցակցի կողմից»,- հավելեց Բադալյանը։։