Պետությունը խոշորացման գործընթացն իրականացնում է նաև անուղղակիորեն կանխելու համար փոքր համայնքներից մեծ համայնքներ, մայրաքաղաք բնակչության արտահոսքը, սակայն նկատել են՝ գործող որոշ համայնքապետեր սկսել են դատարկել խոշորացվող համայնքների գյուղապետարանների դարակները: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:
«Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց համայնքների խոշորացման գործընթացից: «Հանրության մեջ խոշորացման գործընթացի նկատմամբ բացասական վերաբերմունքի բացատրություններից մեկը նաև այն է, որ խոշորացման արդյունքում բնակավայրերը դատարկվում են, երիտասարդ ընտանիքները լքում են փոքր բնակավայրերը, արտագաղթում են մայրաքաղաք կամ խոշոր քաղաքներ»,-ասաց պատգամավորն ու հարցրեց, թե ինչ միջոցառումներ են նախատեսում, որպեսզի սոցիալական ապահով միջավայր ստեղծվի այդ բնակավայրերում երիտասարդ ընտանիքների կայացման համար:
Գնել Սանոսյանն արձագանքեց. «Իսկապես երկար ժամանակ է՝ հատկապես փոքր, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերից արտագաղթում ենք: Դա լրջագույն խնդիր է, նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է»:
Նա ընդունեց, որ կա փոքր համայնքներից բնակչության արտահոսք ՝ նշելով, որ նոր են խոշորացումն անում: «Այսինքն՝ չի կարող այս եղած փաստի վրա խոշորացումն արդեն ազդած լինի: Հակառակը՝ մենք հիմա խոշորացումն անում ենք, որ այդ երևույթի դեմն առնենք: Խոշորացման ամբողջ պրոցեսի գաղափարը նա է, որ մենք սրա դեմն առնենք»,-ասաց Սանոսյանը:
Նա նշեց՝ Հայաստանի մոտ 400 բնակավայր կա, որոնցից 200-ում ընդհանրապես տրանսպորտ չի մտնում, իսկ 200-ում էլ վիճակը չկարգավորված է: «Այսինքն՝ մեր նպատակն է, որ խոշորացված համայնքին պետությունը տա ավտոբուս, բայց համայնքապետին պարտադրի, որ նույնիսկ 120 բնակիչ ունեցող համայնքում կանոնավոր ուղևորափոխադրումներ լինեն: Մենք խոշորացված համայնքի փոքր բնակավայրում կամ մանկապարտեզ ենք կառուցում կամ Կապան համայնքին տալիս ենք տրանսպորտ, որ ինքն իր երեսունքանի բնակավայրերից 14-ում մանկապարտեզ կառուցի, մյուս բոլոր բնակավայրերի երեխաներին տրանսպորտով բերի մանկապարտեզ: Այսինքն՝ խոշորացումը գնում է նրան, որ սահմանամերձ փոքր գյուղը ոչ մի կերպ չդատարկվի, խմելու ջուր, մանկապարտեզ, տրանսպորտ ունենա: Այսինքն ՝ խոշորացման գաղափարն ամբողջովին հակառակն է»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով նրան, թե խոշորացվող գյուղերում ինչն է դատարկվում՝ նա ասաց. «Չգիտես ինչու, գործող որոշ համայնքապետեր սկսել են դատարկել խոշորացվող համայնքների գյուղապետարանների դարակները: Ես հորդորում և պահանջում եմ ոչինչ չդատարկել: Դա իրենց տունը չէ, իրենց թղթերը չեն, համայնքի թղթերն են, ոչ մեկ թող իր հետ ոչինչ չտանի: Մենք հիմա այդպիսի պրոցես ենք նկատում: Մարդկանց թվում է, թե ամեն ինչ կարող են իրենց հետևից մաքրել, գնալ, թող թողնեն համայնքների բազաները կուտակվի, հավաքվի մի տեղ, որպեսզի նոր համայնքապետարանը, աշխատակազմը կարողանա նորմալ փաստաթղթերով աշխատել, իրենք էլ տարիներով իրավապահ մարմինների դռները չընկնեն: Միակ բանը, որ դատարկվում է խոշորացված համայնքներում, ոմանց դարակներն է»,-ասաց Սանոսյանը: