Պատերազմը պարտված իշխանությունը և պատերազմում առաջնորդող պրոպագանդիստը պատերազմից մեկ տարի հետո պայմանավորվում են միավորել ջանքերը, բացահայտել պարտության պատճառները և հասնել ճշմարտության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Իմացած եղեք, որ այդ «ճշմարտությունը» երբեք չի փարատելու մեր մտահոգությունները և լույս չի սփռելու մութ պատմությունների վրա: Հակառակը այդ «ճշմարտության» մեջ թաղվելու են բոլոր մութ պատմությունները: Իշխանությունն իրեն քննության է առնելու զոհի, արդարի, խաբվածի, տառապածի, ժողովրդի և նախկինների բոլոր մեղքերով խաչվածի պատվանդանից և սրբագրելու է սեփական պատմությունը սերունդների առջև ինքնամաքրվելու նպատակով:
2020 թ. պատերազմը քննելու համար անհրաժեշտ է առնվազն 2-3 տարի փաստահավաք աշխատանք կատարելու և իրադարձությունների մեջ խորամուխ լինելու համար: Աժ քննիչ հանձնաժողովը օրենքով ունի վեցամսյա գործունեության ժամկետ, որը կարելի է երակարաձգել առավելագույնը ևս վեց ամիս, ինչը անբավարար է նման ահռելի աշխատանք կատարելու համար, չհաշված այդ հանձնաժողովի ձևաչափի անպտղությունը:
Ես ԱԺ գաղտնի բաժնում ծանոթացել եմ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցին (ի դեպ Աժ-ում քննարկվելուց առաջ այդ զեկույցը բացի հանձնաժողովի անդամներից ամբողջ ԱԺ-ում կարդացել էին երկու պատգամավոր, երկուսն էլ Լուսավոր Հայաստան խմբակցությունից): Ես չէի ցանկանա, որ վերջին պատերազմը քննվի այնպես, ինչպես Ապրիլյան 4-օրյա պատերազմը»,-գրել է Անի Սամսոնյանը: